կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 14:43
Քաղաքական

Ըստ Լեւոն Զուրաբյանի` Գալուստ Սահակյանը «կուռկուռի ձագ» էր դառել

Ըստ Լեւոն Զուրաբյանի` Գալուստ Սահակյանը «կուռկուռի ձագ» էր դառել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ամփոփելով քառօրյան, նշեց, որ քաղաքական ինտրիգներ եղան:

 

«Հասկանալի է, որ իշխանությունները ԲՀԿ-ի ամբողջական կամ ժամանակավոր,  կամ պատմությունը ցույց կտա` ոչ ժամանակավոր չեզոքացումից հետո իշխանությունները մի նոր ռազմավարություն էին մշակել, որ պետք է արագորեն ոչնչացնեն դիմադրության վերջին օջախը: Գիտեին, որ ԲՀԿ-ն չի լինելու նիստին և որոշեցին կառավարման ճգնաժամի մասին հարցը վերածել ընդդիմության ճգնաժամի մասին քննարկումների»,- ասաց նա:

 

Լևոն Զուրաբյանը հավատացած է, որ իշխանությունների մարտավարությունը ջախջախիչ պարտություն կրեց, որովհետև նրանք մտածում էին, թե ՀԱԿ-ը մենակ կմնա ու չի կարողանա դիմագրավել քաղաքական մեծամասնությանը, սակայն այդպես չեղավ:

 

«ԱԺ ղեկավարությունը, տեսնելով, որ այդ խաղում պարտվում ու ջախջախվում են, և իրենց պլանը չի անցնում, մանկապարտեզի մակարդակի երեխաների մակարդակ սկսեց ցույց տալ, դաղալություն անել, փիս-փիս բառեր ասել, այնինչ` ԱԺ ղեկավարության գործառույթը պետք է լիներ նիստը վարելը: Գալուստ Սահակյանը և մյուսները չարաշահում են նիստը վարողի իրենց լիազորոթյունները և իրենց վերապահում են մեկնաբանություններ անել` իմանալով, որ մենք չենք կարող հակադարձել: Բայց ես բոլորին կարողանում էի հակադարձել, և դուք տեսաք, թե ինչպիսի կուռկուզի ձագ էր դառել Գալուստ Սահակյանը: Դրանից հետո Գալուստ Սահակյանն անցավ մանկապարտեզի նեղացած մարդու հարիր պահվածքի, և որևէ հնարավորություն չտվեցին մեզ հակադարձելու, խոսելու, որովհետև ամեն ինչ չլսելու տեղ էր դնում` խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքը: Հետո ինքը իմ հասցեին մի բան ասաց, թե իբր ապտակ է հասցնում ինձ, և հիմա երբ ես հակադարձելու հնարավորություն ունեմ, կտամ պատասխան չափալախը, որին ինքը արժանի էր»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նա հավելեց. «Գալուստ Սահակյանը ասաց, որ ես թոփալ եմ, դա ճիշտ էր, բայց դա անցողիկ է, ոտքով կաղալը խնդիր չէ, խնդիր է, որ մարդիկ կաղում են մտքով ու լեզվով, ինչպես Գալուստ Սահակյանը: Նա այնքան է կաղում մտքով, որ չի կարողանում ըմբռնել, որ ժողովուրդը ինչ համազգային ամոթ է ապրում, որ նա ԱԺ նախագահ է»:

 

Պատգամավորը նշեց, թե, լինելով խմբակցության ղեկավար, ինքը պարտավոր է նորմալ հարաբերություններ պահպանել ԱԺ ղեկավարության հետ, բայց այն պահվածքը, որը թույլ տվեց ԱԺ ղեկավարությունը, իրեն ստիպում է պատասխանել դրան: