կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 20:30
Առանց Կատեգորիա

Լեւոն Զուրաբյանի ելույթը եւ իրականությունը

Լեւոն Զուրաբյանի ելույթը եւ իրականությունը

Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող ճակատի համաժողովում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթը եզրափակել է հետեւյալ հայտարարությամբ. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա երկու սահմանադրությունների, երկու իրավական տեքստերի միջեւ տարբերության հարց չէ: Ժողովուրդը ոտքի կկանգնի այն պահից, երբ հասկանա, որ հանրաքվեի է դրվելու մի հարց` ցանկանու՞մ եք, որ Սերժ Սարգսյանն այս երկրում կառավարի անսահմանափակ ժամանակով, շարունակի թալանը եւ համատարած կոռուպցիան, այն նվաստացումը, որը բերել է ժողովրդի գլխին: Այս հարցը դնելուց հետո ժողովուրդը ոտքի կկանգնի եւ մենք կհաղթենք»:

Զուրաբյանին այս ելույթից հետո, իհարկե, ծափահարել են: Ափսոս միայն, որ հետաքրքրվող չի եղել նրանից, թե հայաստանյան այդ ո՞ր իշխանության օրոք է դադարեցված եղել թալանը, ավելի ճիշտ` ո՞ր իշխանությունն է հիմնադրել թալանը: Դա կարեւոր էլ չէ, քանի որ բոլորիս էլ հայտնի է: Այլ նրբություն կա, եւ մեկ բառով այն կոչվում է` իրականություն: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չի ցանկանում էլ նախագահ մնալ, վարչապետ դառնալ, կամ ԱԺ նախագահ ընտրվել: Որքան էլ որ սա տարօրինակ լինի` նախկին իշխանությունների համար, որոնք ձգտում են ամեն գնով նորից իշխանության գալ, այդպես երբեմն լինում է: Ավելին, Սերժ Սարգսյանը օրինակ ՀԱԿ-ի հետ արյունակցական կապեր ունեցող ՀՀՇ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն այլեւս պաշտոնավարելու ցանկություն չունի, ինչը նշանակում է, որ մարդն, ըստ էության, չի էլ ցանկանում լինել անգամ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարի պաշտոնում: Իհարկե, նա կարող է շարունակել ՀՀԿ-ում նախագահությունը սահմանադրական փոփոխություններից հետո, բայց ՀՀԿ-ն պետություն չէ, եղբա\'յր, դա առանձին քաղաքական միավոր է, ինչպես ՀԱԿ-ը, եւ պահանջել, որ Սերժ Սարգսյանը այլեւս չզբաղեցնի ՀՀԿ նախագահի պաշտոնը, նույնն է, թե պահանջել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա` ՀԱԿ նախագահի պաշտոնից` այն այլեւս չզբաղեցնելու երդումով: Մինչդեռ ՀՀԿ նախագահ եւ ՀԱԿ նախագահ ընտրում են բացառապես ՀՀԿ-ում եւ ՀԱԿ-ում` ամեն մեկն իր համար, եւ եթե մենք, օրինակ, հանրապետական չենք, ապա չենք կարող պահանջել այդ կուսակցությունից` այս կամ այն մարդուն ընտրել իրենց նախագահ,կամ` չընտրել: Սա իրականությունն է:

Հովիկ Աֆյան