Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով մեկ տարի առաջ Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակում 4 հոգու դեմ մահափորձի գործով հետախուզվող Գևորգ եւ Հենրիկ Բաղդասարյաններին (մականունները «Կաբելի տղերք») հայտնաբերելու և նրանց բերման ենթարկելու վերաբերյալ:
2015 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած կրակոցների դեպքն ուշագրավ է այնքանով, որ այստեղ շոշափվում է տրանսպորտի և կապի` արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը: Համաձայն շրջանառվող լուրերի՝ մահափորձի գործով հետախուզվողները նրա «տղաներից» էին:
Գործի նախաքննության ընթացքում Yerkir.am-ը պարբերաբար հարցումներ էր ուղարկում նախաքննական մարմնին՝ ճշտելու, թե ովքե՞ր են այս գործով մեղադրյալները: Մեզ ուղղված պատասխանում նախաքննական մարմինը հայտնել էր, որ մեղադրյալները երկուսն են, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին։
Այսինքն` գործի նախաքննության ընթացքում Բաղդասարյան եղբայրների ով լինելու վերաբերյալ պաշտոնապես որևէ տվյալ չի հրապարակվել: Որպես կանոն` նման դեպքերում ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում կամ հեռուստատեսությամբ ցուցադրում է հետախուզվողների լուսանկարներն ու տվյալներ հաղորդում նրանց վերաբերյալ: Սակայն Բաղդասարյանների ով լինելու և հետախուզվելու վերաբերյալ մինչ երեկ որևէ տեղեկություն չէր հրապարակվել: Մեկ տարվա ընթացքում նրանց չհայտնաբերելը վկայում էր այն մասին, որ ենթադրյալ հանցագործները հավանաբար լքել էին երկրի տարածքը, բայց, արի ու տես, որ «Կաբելի տղերքն» այս ընթացքում ոչ միայն թաքնված չեն եղել, այլև «հայտնաբերվելու» պահին գտնվել են երևանյան հանրային վայրերից մեկում: Համաձայն հրապարակած հաղորդագրության՝ հետախուզվող եղբայրները հայտնաբերվել են Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում: Այդ «մի շինությունն», ըստ «Հայկական ժամանակ»-ի, այսպես կոչված` սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ թերթի հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. տեսանյութից երևում է, որ Բաղդասարյան եղբայրները օպերացիայից անակնկալի են եկել, այլ կերպ ասած` «մանդրաժ» են: Նրանց պահվածքը վկայում է այն մասին, որ նրանք չեն պատկերացրել, որ իրենց կարող են գտնել կամ էլ վստահ են եղել, որ գործը փակված է: Հակառակ դեպքում` «Կաբելի տղերքը» դեպքից հետո առնվազն կլքեին երկիրը կամ կխուսափեին գոնե հանրային վայրերում երևալուց:
Եվ վերջին` ամենազավեշտալի զուգադիպությունը. Գագիկ Բեգլարյանի «մարդկանց» բռնեցին հենց այն ժամանակ, երբ Բեգլարյանն այլևս նախարար չէ: