կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 14:50
Հասարակություն

«Ընկերներդ քո պատվին իրենց տղերքին քո անունով կոչեցին, ես էլ նրանցից մեկն եմ… »

«Ընկերներդ քո պատվին իրենց տղերքին քո անունով կոչեցին, ես էլ նրանցից մեկն եմ… »

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, բանաստեղծ Աղվան Մինասյանի մահվան օրն Է: Ընդամենը 23 տարեկան էր, երբ զոհվեց…

Աղվանը ծնվել է 1970 թվականին Սիսիանի Լծեն գյուղում։ Արցախյան ազատամարտի տարիներին մեկնել է ռազմաճակատ, մարտնչել եղբոր՝ Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ հրամանատարությամբ։ Մահից հետո տպագրվել են Աղվանի «Տապանագիր» և «Սուր և խաչ» գրքերը։ Հետմահու արժանացել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի կոչման, Եղիշե Չարենցի անվան մրցանակի, ՀՀ եւ ԼՂՀ «Արիության» մեդալների:

 

Աղվանի Մինասյանի մարտական ընկերոջ՝ Ջոն Պապյանի որդին՝ Աղվան Պապյանը, գրել է.

«24 տարի է անցել քո զոհվելուց, իմ ընկեր: Զոհվելուցդ հետո պատերազմը շարունակվեց ևս մեկ տարի. մերոնք հաղթեցին:
Ընկերներդ քո պատվին իրենց տղեքին քո անունով կոչեցին: Ես էլ նրանցից մեկն եմ: Գիտես` ինչ հպարտ եմ, որ քո անուն եմ կրում:
Քո գործը շարունակող նոր սերունդ է եկել: Արցախի սահմանները ամուր են:

Քո պես գրող, բայց չի ծնվել, ինձ թվում է` չի էլ ծնվի, դու ուրիշ էիր: Համո Սահյանը ասել էր, թե արդեն ժառագ ունի, և այդ ժառանգը դու ես: 

Դու ճիշտ էիր. քո զոհվելուց շատերը արցունք թափեցին: Մինչև այսօր քեզ հիշում են բոլորը, դու ապրում ես, դու մեր մեջ ես: 
Հայրիկս շատ բաներ է քո մասին պատմել, ինձ թվում է` այդ պատմածներով ես քեզ ճանաչում եմ: Ամեն անգամ գալով Սիսիան` առաջին քայլս է լինում գալ Պանթեոն և շիրիմիդ ծաղիկ դնել: Ես կուզեի, որ դու հիմա ապրեիր, մեր մեջ լինեիր. թող իմ անուն էլ Աղվան չլիներ, եթե դու լինեիր, հիմա քանի գրքեր գրած կլինեիր, բայց սա է կյանքը, դու հերոս ես, և դու քո հերոսությամբ կապրես դարերով: Փառք քեզ հերոս:

Օգոստոսի 30-ին Մուրադխանլուում անմահացավ Աղվան Մինասյանը»:

 

Ներկայացնում ենք Աղվան Մինասյանի ստեղծագործություններից մի քանիսը:

ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԻՐԱՐ ԴԵՄ, ԵՒ ՊԻՏԻ ՄԵԿՍ ԶՈՀՎԻ

Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի,
Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,
Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի,
Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։

Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝անդունդ,
Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի,
Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի՝թունդ,
Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։

Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով
Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։
Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով
Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։

Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից
Ու ցատկում ես տեղիցդ վերջին ճիգով քո սրտի,
Հետո ընկնում ես հողին. — խաղաղվում է ամեն ինչ,
Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։

Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ,
Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված,
Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես,
Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։

 

**** 

 

Բախտավոր Լինես

Փակվող աչքերս մի վայրկյան բացեմ՝
Քեզ տեսնեմ լուսե, ճերմակ շորերով,
Քեզ նայեմ ուրախ և ուրախ լացեմ,
Քեզ տեսնեմ՝ հարս ես ճերմակ շորերով:

Ու անչար ,հանգիստ, որ ոչ ոք չզգա,
Քո կողքին կանգնեմ՝ մենակ չլինես,
Շշնջամ շիկնած փոքրիկ ականջիդ,
-Բախտավոր լինես:

 

****

 

Մամա, 
երբ մայր է մահանում,
Որբանում եմ նորից,
Լեղին իմ մեջ ավելանում,
Դառնանում եմ նորից։
Լաց լինելուց շատ եմ հոգնել,
Բայց կուզեի դեռ լալ,
Ետ դառնալ այս ցուրտ աշխարհից,
Քո արյան մեջ մնալ։


****

 

Կռունկներն աշունը տարան,
Ոտքերս եղյամոտ են ու թաց,
Մի աշուն, մի տարի էլ տարան,
Աչքս երամի հետ գնաց։
Մի մրսած ճնճղուկ կա ծառին,
Ճնճղուկն իմ ընկերն է դարձել,
Հիմա քուն մտավ այս տարի,
Ճնճղուկն ընկերս է դարձել։
Արեւն է աշխարհից որբացել,
Արեւն էլ չվել է նրանց հետ,
Բոլորը թողել են, գնացել,
Ջերմությունը տարել են իրենց հետ։

1987թ.