կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-26 20:02
Հասարակություն

«Պառկելն իմը չէ, գնամ՝ հասնեմ տղերքին»

«Պառկելն իմը չէ, գնամ՝ հասնեմ տղերքին»

Հոսպիտալի ընդունարանում աշխուժություն էր, աշխատակիցներն անընդհատ պատուհանից դուրս էին նայում` սպասում էին Արցախից եկող զինվորական մեքենային:

«ՈւԱԶ-ը եկավ, կանչե’ք զինվորներին… Քոռացա ես, էրեխեքս գնում են»,- ասաց Անահիտը՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը: 20 տարի հոսպիտալում աշխատած զինվորական կինը եկել ու բժիշկների հետ ճանապարհ էր դնում արդեն ապաքինված զինվորներին:

«Բալե'ս, գլխարկդ դիր, նոր ես լողացել, չմրսես, թե՞ ուզում ես հիվանդանալ, որ նորից հետ գաս»,- դիմելով զինվորիներից մեկին՝ կատակեց բժշկուհին:

«Պա’հ, չէ մի, հույս չունենաք, էլ հետ չեմ գալու»,- պատասխանեց ժպտադեմ զինվորը՝ քայլերն ուղղելով դեպի ընդունարանի դուռը: Բարձրահասակ, մաքուր, կոկիկ հագնված ու խնամված զինվորը մեկ ամիս է` հոսպիտալում էր:

«Պառկելն իմը չէ, գնամ՝ հասնեմ տղերքին: Բան չմնաց՝ 20 օրից զորացրվելու եմ, որ հետ գամ, կգամ բոլորիդ նորից տեսնելու»,- ժպտալով ասաց զինվորը:

«Տե’ս, չմոռանաս, բոլորիս կպաչես, նոր կգնաս, հա՞»,- կատակեց տարեց բժշկուհին:

«Ծանրոցը չմոռանաք, ուր էլ հասնի՝ մեկ է, կարևորը զինվորներս ստանան. դպրոցի երեխեքն են ուղարկել, գիտեն՝ դիրքերում քաղցրի պետք շատ կա»,- դիմելով Արցախ մեկնող բժշկին` ասաց Անահիտը:

«Ծանրոցն ավելի լավ է «Եղնիկներ»-ի դիրքեր ուղարկենք, էնտեղ ցուրտ է, մեքենա ուշ-ուշ է գնում»,- ասաց բժիշկն ու շտապեց դեպի մեքենան:

«Զինվորները սիրում են քաղցր, թող բոլ-բոլ լինի, լցնեն գրպաններն ու կշտանան, որ հանկարծ պակասություն չանի: Ախր էդ ցրտին էրեխեքը կանգնում են պոստին, թող քաղցրը շատ լինի, որ օրներդ քաղցր անցնի»,- ասաց Անահիտն ու գրկեց զինվորին:

Զինվորը հատ-հատ համբուրեց ընդունարանի աշխատկիցներին ու շատապեց դեպի մեքենան:

«Գնացին… Տղերքս գնացին, հիմի ո՞վ իմանա՝ էս ցրտին ոնց կլինեն, ինչ օրեր կքաշեն»,- մեքենայի հետևից նայելով՝ ինքն իրեն ասաց Անահիտը:

«Մի քանի ամիս առաջ, ջերմուկցի մի զինվոր մեզ մոտ պառկեց, բուժեցինք, հետո գնաց պոստեր: Մի ամիս հետո իմացանք՝ թուրքը խփել է…»,- ասաց նա ու լռեց:

20 տարուց ավելի է` Անահիտը բժիշկների հետ դիմավորում ու ճանապարհում է զինվորներին: Ինքը զավակներ չունի, ասում է՝ զինվորներն են իմ տղերքը: Յուրաքանչյուրին յուրովի է սիրում, բայց երես էլ չի տալիս՝ զինվորականի մի հայացքով կարող է կարգի հրավիրել ցանկացածին: Դժգոհում է, ասում է՝ չեմ հասցնում զինվորներին երկար սիրել, ժամանակը գալիս է, հետ են գնում, ու էդպես ՝ գրեթե ամեն օր…

«Մարդիկ հարցնում են, թե այս ձմեռ ինչով ենք տունը տաքացնելու, գազի փողը շատ կգրի, թե՝ քիչ, ասում եմ` մի բան կանենք, ջհանդամ, հապա տղերքս պոստում չմրսեն, քաղցրը պակասություն չանի»,- ասում է Անահիտն ու նայում պատուհանից դուրս:- «Գիշերը Մարտունու ուղղությամբ են խփել: Է~h, ինչ օրեր ենք քաշել… Երանի էսօրվա զինվորներն էլ ռումբի ձայն չլսեն, աման… Երանի էլ ապրիլ չլինի, երանի էս ձմռան պես ցուրտ օրեր էլ չլինեն…»

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ