կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 16:35
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից հանրային դժգոհություն չկա. ՀՀԿ-ական

Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից հանրային դժգոհություն չկա. ՀՀԿ-ական

Ցանկացածի աշխատանքի մեջ կարող են լինել թերացումներ, բայց այդ թերությունները հարթվող են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանի վերանշանակվելու փաստին: Ըստ նրա՝ հանրային դժգոհություն չկա Նալբանդյանի աշխատանքից:

«Պարոն Նալբանդյանի աշխատանքի կամ գործունեության հետ կապված, ինչպես նաև նրա վերանշանակման հետ կապված` հանրային դժգոհություն չկա, եթե նույնիսկ կան այդպիսի դժգոհություններ,աապա որոշ քաղաքական ուժեր փորձում են դա ներկայացնել որպես հանրային կարծիք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նախարար Նալբանդյանն իր գործառույթներն իրականացնում է բավարար:

ՀՀԿ-ականի խոսքով` ամեն ինչը չէ, որ իրականացվում կամ կատարվում է, պետք է դառնա հանրության քննարկման առարկա: «Հատկապես` արտաքին հարաբերությունների բնագավառի հետ կապված հարցերում ինչ իրականացվում է պարոն Նալբանդյանի ղեկավարած համակարգի կողմից, նպաստում է պետության անվտանգության ամրապնդմանը, արտաքին ճիշտ քաղաքականություն վարելուն, և դա չպետք է դառնա հանրային քննարկման առարկա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ իշխող ՀՀԿ-ն գոհ է Էդվարդ Նալբանդյանի գործունեությունից, Մելիքյանը պատասխանեց. «Սա այն բնագավառն է, որ վերապահված է հանրապետության նախագահին, և, այո՛, իշխող կուսակցությունն, իր նախագահի գլխավորությամբ, բավարար է համարում կատարված աշխատանքը և առաջիկայում նույնպես վստահում է այդ աշխատանքները պարոն Նալբանդյանին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչքանո՞վ է արդյունավետ Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելը, քանի որ նա պաշտպանության ոլորտում փորձ չունի, մեր զրուցակիցը նշեց, որ Վիգեն Սարգսյանը, որպես քաղաքական և պետական գործիչ, բավական լուրջ փորձառություն ունեցող, պրոֆեսիոնալ մասնագետ է: Մելիքյանի խոսքով՝ հատկապես 21-րդ դարում պաշտպանության նախարարությունները ժողովրդավարական երկրներում ղեկավարում են քաղաքական անձինք, այլ ոչ թե` ռազմական բնագավառի: 

«Պաշտպանության նախարարությունը, ընդհանրապես, բաժանվում է երկու մասի: Քաղաքական մասը վստահելով Վիգեն Սարգսյանին՝ լուրջ առաջընթաց է հնարավոր ապահովել: Ռազմական մասը կղեկավարեն ռազմական գործի գիտակները՝ գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական գլխավորությամբ»,- ասաց Մելիքյանը` հավելելով, որ ինքը բացարձակապես նկատի չունի, որ նախկինում աշխատանք չի արվել:

Հարցին էլ՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սեյրան Օհանյանին, արձագանքեց. «Ես կոռեկտ չեմ համարում հիմա պատասխանել այս հարցին, դա մեր դաշտում չէ, այս հարցը գերագույն գլխավոր հրամանատարի որոշելիք հարցն է»: