Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։
Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:
Նախարար Բոնինոն, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Հռոմ, ասաց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարևորությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում:
Երկուստեք կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվեց 2015 թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձան Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։
Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց պաշտպանական ոլորտում հայ-իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երևանում պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Իտալիայի պաշտպանության նախարարը վերահաստատեց իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։
Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։
Սեպտեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին Իտալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Հռոմում հավատարմագրված դեսպաններ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելությանը ողջունելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, ով երկար ճանապարհ է անցել այն նվաճելու համար: Հայ ժողովրդի կամքը ունենալ ազատ և ժողովրդավարական երկիր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հրամայականը, անցած երկու տասնամյակներում պետականաշինության մեջ արձանագրված հաջողությունները որպես ոգեշնչման աղբյուր են ծառայում աշխարհի միլիոնավոր, այդ թվում Իտալիայում ապրող, հայերի համար, ովքեր իրենց ներդրումն են բերում մեր հայրենիքի զարգացման գործում:
Հայ-իտալական առնչությունները երկու հազարամյակի պատմություն ունեցող դարավոր կապերի կնիքն են կրում, իսկ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդամենը 21 տարվա պատմություն ունեն: Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։ Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ՝ ստորագրված է 30 համաձայնագիր։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։
Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին մեր համատեղ ձեռքբերումն է և մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»: