Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 30-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը. տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը և հավելում, որ Է. Նալբանդյանն իր ելույթում ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։ Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։