|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ քվեարկել է բարեկեցիկ, ուժեղ, հոգևոր և զարգացող Գյումրի ունենալու համար:
«Մոտակա տարիները միասին ենք ապրելու այս քաղաքում, ուստի պետք է հասկանանք` ինչ քվեարկություն ենք անելու, ինչպիսին ենք ուզում տեսնել Գյումրին ու ինչպիսի քաղաք ենք ուզում փոխանցել մեր սերունդներին, որովհետև մեր պարտավորությունները ոչ միայն մեր առջև են, այլ նաև սերունդների»,- ասաց նա:
Հարցին, թե դժվա՞ր էր, արդյոք, ընտրություն կատարել բազմաթիվ քաղաքական ուժերի ու թեկնածուների միջև, մարզպետը պատասխանեց, որ իր համար դժվար չէր, որովհետև ինքը կուսակցական է և արդեն կողմնորոշվել է իր ընտրության հարցում: Իսկ ոչ կուսակցական քաղաքացու համար, մարզպետի խոսքով, այս քարոզարշավի ընթացքում հնարավորություն ընձեռվել է ընտրություն կատարելու:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին, ապա Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ այդ ահազանգերին հետևում է, փորձում է միջամտել, եթե դրանք կանխամտածված ու քրեական հանցակազմ պարունակող խախտումներ են լինում: Մարզպետի խոսքով` դեռևս խոշոր ընտրախախտումներ չեն հայտնաբերվել, եղած ահազանգերը վերաբերում են ոչ կանխամտածված, կազմակերպական բնույթի խախտումներին:
«Վստահ եմ, որ ընտրությունները հանդարտ ու հանգիստ կանցնեն: Իհարկե, կլինեն որոշակի թերություններ, որոնք արագ արձագանքման արդյունքում կշտկվեն: Կանխամտածված ընտրախախտները օրենքի խստությամբ պետք է պատժվեն: Մենք պետք է ապացուցենք, որ ի վիճակի ենք արդար ընտրություններ անցկացնել»,- ասաց Սիմոնյանը: