կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 17:40
Քաղաքական

Շիրակը չի կարելի համեմատել մյուս մարզերի հետ. Հովսեփ Սիմոնյան

Շիրակը չի կարելի համեմատել մյուս մարզերի հետ. Հովսեփ Սիմոնյան

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մարզին հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում է առաջնային խնդիրներին լուծում տալու համար:

«Մարզի հիմնական գործունեությունն ապահովելու համար, կարծում եմ, բավարար է. մեր մարզի բյուջեն 211 միլիոն դրամով աճել է, որը հիմնականում վերաբերում է կրթության ոլորտին: Մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետը հորդորել է խնայողություններ կատարել, և հարցին, թե մասնավորապես ո՞ր ոլորտներում են կատարվելու խնայողությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ խնայողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, որտեղ հնարավոր է կատարել՝ առանց խանգարելու բնականոն գործունությանը:

Անդրադառնալով իր պաշտոնակության մասին` մամուլում շրջանառվող լուրերին՝ մարզպետն ասաց, որ իր հետ նման հարց չի քննարկվել:

Հարցին` ձախողում համարո՞ւմ եք, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հաջողություններ չունեցաք, մարզպետը պատասխանեց, որ մարզպետը ընտրություններին մասնակցվում է այնքանով, որքանով իր լիազորությունները թույլ են տալիս:

Դիտարկմանը, թե Շիրակի մարզը մշտապես համարվել է աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող մարզ, և հարցին՝ ի՞նչ եք անելու, որ այդ չափանիշները նվազեն, պատասխանեց, որ վարչապետի հանձնարականով աշխատում են մարզի զարգացման հետ կապված ծրագրի շուրջ, և երբ պատրաստ լինի մարզի զարգացման ծրագիրը, այդ ժամանակ էլ կներկայացվի:

«Պետք է թղթին հանձնել այն, ինչն իրատեսական է, չենք կարող թղթին հանձնել անիրատեսական բաներ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Շիրակը չի կարելի համեմատել մյուս մարզերի հետ, քանի որ տարել է դաժան երկրաշարժ: «Մնացած մարզերում նման բան չի եղել, ենթակառուցվածքներ չեն վերացել, և մեկ քայլ մեզանից առաջ են: Աղքատության հիմնական պատճառներից մեկը դա է»,- նշեց մարզպետը:

Նա անդրադարձավ նաև մարզի բնակարանային խնդիրներին: «Բնակարանի խնդիր բոլոր մարզերում էլ կա, բայց Շիրակի մարզում տնակներում բնակվելը պայմանավորված է նաև նրանով, որ երբ մարդիկ ուզում են առանձին ապրել, գնում են տնակ, քանի որ այն ավելի էժան է»,- նշեց մարզպետը: