կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 22:00
Քաղաքական

Գումարները հայտնվել են մի քանի հոգու ձեռքում և երկրից ճամպրուկներով տարվում են դուրս. Արագած Ախոյան

Գումարները հայտնվել են մի քանի հոգու ձեռքում և երկրից ճամպրուկներով տարվում են դուրս. Արագած Ախոյան

Հայրենադարձության հետ կապված նախարարություն պետք չէ ստեղծել կամ բառ ավելացնել, պետք է հող պատրաստել, որպեսզի տեղի ունենա հայրենադարձություն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Ըստ նրա` հայրենադարձության համար կրկնակի ուժեր է պետք գործադրել: «Մեր օրերում արտագաղթի տոկոսները մեծ են: Չնայած պատերազմ տեսած երկրի համար, մութ ու խավար տարիներ տեսած երկրում մնալը ուղղակի հերոսություն է, այս խոսքերով չեմ արդարացնում արտագաղթը, բայց հայրենադարձության համար կրկնակի ուժեր է պետք գործադրել: Այս պայմաններում, այս միջավայրում բացառվում է, որ սկսվի հայրենադարձություն»,- ասաց պատգամավորը:

Մեր զրուցակցի խոսքով` վերջին ժամանակաշրջանում արտագաղթածները, որպեսզի արդարացնեն իրենց, լեգենդներ են պատմում, ստահոդ լուրեր տարածում մեր հայրենիքի մասին: «Մեկ-մեկ ինձ այնպիսի բաներ են հասնում արտասահմանում, որ ուղղակի ապշում եմ, թե ինչ աստիճանի են այդ աբսուրդի հասնող լեգենդները, թե  Հայաստանում այդքան վատ է, բայց պետք է ասեմ, որ իսկապես կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այսինքն` հող նախապատրաստվի հայրենադարձության համար»,- նշեց պատգամավորը:

Ախոյանի կարծիքով` բացի երկրի ծանր տնտեսական պայմաններից, մարդիկ նաև արտագաղթում են ուշադրության պակասից, արտագաղթում են, որովհետև արհամարհված են: «Մենք տեսանք, որ սիրիահայությունը եկավ Հայաստան, և, ցավոք, նրանց մեծ մասը կրկին արտագաղթեց դեպի եվրոպական երկրներ: Դա նրանից էր, որ չկար բիզնեսի համար համապատասխան միջավայր, չկար համապատասխան աջակցություն, չկար համապատասխան վերաբերմունք, որովհետև, բացի տնտեսական աջակցությունից, պետք է լինի նաև բարոյահոգեբանական աջակցություն, որը նրանք, կարծում եմ, չստացան»,- ասաց նա:

Չնայած այս ամենին, ըստ Ախոյանի, երկրում կան խնդիրներ նաև տնտեսական ոլորտում: «Ոչ ոք չի թաքցնում` այնպիսի անկատար մթնոլորտ կա, որը հաճախ բերում է արտագաղթի: Ես չեմ թաքցնում` փողը կուտակված է այնպիսի մարդկանց մոտ, որոնք իրենց քթից, իրենց շահերից այն կողմ բան չեն տեսնում: Ո՞վ չգիտի, որ դա լուրջ խնդիր է, որ գումարները հայտնվել են մի քանի հոգու ձեռքում և ճամպրուկներով տարվում են հանրապետությունից դուրս, սա բոլորս էլ գիտենք: Դրանք ժողովրդի գումարներն են, որոնք շրջանառություն ապահովելու փոխարեն ինչ-որ այլ ճանապարհների են գնում»,- շեշտեց պատգամավորը: