կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-17 15:08
Քաղաքական

Թուրքիայում շատ լուրջ, բացասական իրավիճակ է ստեղծվել. Արագած Ախոյան

Թուրքիայում շատ լուրջ, բացասական իրավիճակ է ստեղծվել. Արագած Ախոյան

Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, և  երկրի բնակչության մեծամասնությունը քվեարկել է նախագահական լիազորությունների ընդլայնման օգտին: Հանրաքվեի արդյունքները նախագահ Էրդողանին հնարավորություն կտան նախագահի պաշտոնում մնալու մինչև 2029 թվականը:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր,  «Արեւմտահայերի ազգային համագումար» ՀԿ-ի` Հայաստանում լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը, մեկնաբանելով այդ հանրաքվեի արդյունքները, ասաց, որ Էրդողանը սրանով վերականգնեց միապետական կարգերը Թուրքիայում: Նրա խոսքով` այդ հանրաքվեն անցել է մեծածավալ խախտումներով, և ոչ թե 51, այլ 30 տոկոսն է իրականում քվեարկել նախագահական լիազորությունների ընդլայնման օգտին:

«Այս հանրաքվեն ոչ մի լավ բանի չի բերի Թուրքիային: Մենք գիտեինք` ինչպիսի Թուրքիա կար մինչ այդ հանրաքվեն, հիմա արդեն  պարզ է` ինչ Թուրքիա ենք ունենալու վաղը: Սա հետ տանող արդյունք է, սա Թուրքիային հետ տարավ. շատ լուրջ բացասական իրավիճակ է ստեղծվել այնտեղ»,- ասաց Արագած Ախոյանը:

Էրդողանը հայտարարել էր, թե ևս մեկ հանրաքվե կանցկացնի մահապատիժը Թուրքիայում վերականգնելու համար: Արագած Ախոյանի խոսքով` դա կլինի Էրդողանի երկրորդ քայլը: «Այլ կերպ, քան մահապատիժը վերականգնելու միջոցով Էրդողանը չի կարող վերականգնել բռնապետությունը Թուրքիայում: Իշխանությունը պահելու հիմնական միջոցը բռնապետական կարգեր հաստատելն է, ինչն էլ անում է Էրդողանը»,- ասաց մեր զրուցակիցը: