Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր` նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ ինքն այս օրերին զբաղված է մեկ այլ կարևոր գործով: Նա նախ ընդգծեց, թե նորմալ է, որ քննարկման դահլիճում 131 հոգի չի լինում: «Մարդիկ զբաղված են այլ խորհրդարանական գործերով, այդ թվում` նաև ես: Դա պայմանավորված չէ Ընտրական օրենսգրքի նկատմամբ իմ անտարբերությամբ: Ապրիլ ամսին երեք գործուղում կա պլանավորված: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ամսի 23-ին ֆորում կա, դրանով ենք զբաղված»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հանդիպումներ կունենա նաև նրանց հետ, ովքեր ավելի շատ են տեղեկացված Ընտրական օրենսգրքի դրույթներից:
Ախոյանը խոսեց նաև իր առաջիկա քաղաքական հանգրվանի մասին: «Շատ տխուր եմ ընդունում այն փաստը, որ մարդիկ հայտնվում են ինչ-որ կուսակցությունում: Կուսակցությունում չեն հայտնվում, պետք է լինել գաղափարակից: Ընտրական օրենսգրքով հենց այդ հարցերը կբարձրանան, և կուսակցության դերն ու նշանակությունն ավելի կմեծանա»,- ասաց նա և հավելեց, որ չի պատրաստվում անդամակցել Վարդան Օսկանյանի կուսակցությանը:
Հարցին` հնարավո՞ր է ինքներդ կուսակցություն ստեղծեք, քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար պետք է որևէ կուսակցության անդամագրվեք, Ախոյանը պատասխանեց. «Կարծեմ` 70-ից ավելի կուսակցություններ կան, և չէի ցանկանա նմանատիպ բանի մասին նույնիսկ մտածել: Լուրջ կուսակցություններ կան, ինչո՞ւ նորը բացել, եթե կարելի է որևէ մեկի հետ համագործակցել: Կոնկրետ թեկնածուներ, որոնց հետ կարող եմ համագործակցել, մի քանիսն են: Կան մի քանի առաջարկներ, բայց չեմ կարող ասել` որ կուսակցություններից են այդ առաջարկները»: