կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 15:10
Քաղաքական

Աթեշյանը թուրքահաճո գործողություններով փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը. Արագած Ախոյան

Աթեշյանը թուրքահաճո գործողություններով փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը. Արագած Ախոյան

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` երեկ արած հայտարարությունն առաջինը չէր, դա այն գագաթնակետն էր բոլոր հակահայ ու նույնաբովանդակ հայտարարությունների, որոնք հնչել են մինչ օրս. լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

«Այդպիսի հակահայ հայտարարությունները եղել են պարբերաբար: Շատ է եղել, որ հայկական համայնքը շատ անգամ է փորձել դրանց վրա աչք փակել, և շատ անգամ է եղել, որ Մայր Աթոռը փորձել է կլորացնել բոլոր սուր անկյունները, բայց այսպես այլևս անհնար է, իսկ երեկվա հայտարարությունն ուղղակի այդ շարքի վերջնակետն էր»,- ասաց նա:

Ախոյանը նաև շեշտեց, որ Թուրքիայում հասարակական ու քաղաքական լայն շերտերն արդեն ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի քայլը, և հորդորեց Աթեշյանի հայտարարությանը չշփոթել ո՛չ հայկական համայնքի, ո՛չ էլ՝ Մայր Աթոռի հետ, ապա ընդգծեց, որ Արամ Աթեշյանը Պոլսո պատրիարքը չէ, այլ փոխանորդն է անկողնուն գամված Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի:

«Ըստ կանոնակարգի՝ Պոլսո պատրիարքը ցմահ է ընտրվում, իսկ Աթեշյանը պարզապես օգտվում է առիթից»,- ասաց Ախոյանը՝ հավելելով, որ Աթեշյանը սպասարկում է ոչ թե Թուրքիայում ապրող հայկական համայնքի, այլ թուրքական իշխանությունների շահերը՝ ևս մեկ անգամ նրանց ջրաղացին ջուր լցնելով:

Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ անգամներ ինքն անձամբ բանավիճել է Աթեշյանի հետ: «Մենք ուղղակի կարմրեցինք, երբ լսեցինք, թե նա ինչպես է հայտարարում, որ Թուրքիայի նման դեմոկրատ պետություն գոյություն չունի: Անկեղծ ասած` ապշած ենք հոգևորականի նման պահվածքից»,- ասաց նա:

Ախոյանի համոզմամբ՝ Աթեշյանն իր թուրքահաճո գործողություններով փորձում է պարզապես երկարաձգել իր պաշտոնավարումը, որին աջակցում են նաև թուրքական իշխանությունները, որպեսզի վերընտրություններ այսօր տեղի չունենան: «Այսպիսի վերաբերմունքն անարգանք է Հրանտ Դինքի հանդեպ: Եվ ոչ ոք թող չփորձի համոզել, թե այդ հայտարարությունը ճնշումների տակ է եղել: Ես քաջ ծանոթ եմ Թուրքիայի հասարակական ու քաղաքական այն շերտերի հետ և անգիր գիտեմ, թե ով ինչ է մտածում: Այսօր կան պատգամավորներ, որոնք կոչ են անում թուրքական իշխանություններին` ճանաչել ու դատապատել Հայոց ցեղասպանությունը և վերացնել դրա բոլոր հետևանքները, մինչդեռ՝ Աթեշյանն իր համախոհների հետ աջակցում է թուրքական իշխանություններին: Իսկ դա նշանակում է, որ Աթեշյանը պետք է օր առաջ իր պաշտոնից ազատվի, որպեսզի պատրիարքի նոր ընտրություններ հայտարարվեն, և ընտրվի նոր պատրիարք, որն իսկապես կհասկանա Մայր Աթոռի կարևորությունը, հայ ժողովրդի ընդհանուր հետաքրքրություններն ու իրավունքների պահպանման անհրաժեշտությունը և իսկապես կկարողանա հայ ժողովրդին ներկայացնել Թուրքիայում»,- ասաց պատգամավորը: