կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-03 20:07
Հասարակություն

Երեք տարեկանից նույն ցմփորիկն եմ եղել. Արագած Ախոյան

Երեք տարեկանից նույն ցմփորիկն եմ եղել. Արագած Ախոյան

Yerkir.am-ի հումորային հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

-Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է:

- Նորմալ մարդու մոտ նման իրավիճակ գոնե տարին մեկ-երկու անգամ լինում է: Նկատի ունեմ շատ խմելը: Խմում եմ, շատ եմ խմում, բայց դիմանում եմ և հաջորդ առավոտյան արթնանում ու առօրյան շարունակում: Դա ինձ մոտ տևում է մոտավորապես 3-4 օր, ինչի՞ մի օր:

- Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:

- Ցավոք, Ձմեռ պապիկն այդ հնարավորությունները չունի, ոչ էլ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Իսկ նվերների բաժանելը հնարավորությունների հետ կապ չունի, դա հոգու արտահայտման ձև է: Բացի այդ էլ՝ Ձմեռ պապիկի համար միևնույն է` «Բենթլի՞», թե՞ սահնակ:

 - Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ:

-Ավելի առաջնահերթ բաներ կան` խնդրելու: Իհարկե, ցանկալի է երկրի տնտեսական աճը: Մանդատ տվողը Ձմեռ պապիկը չէ, մենք գիտենք՝ տվողն ով է, և մանդատ ձեռք բերողներին էլ գիտենք, դրա միջով անցած մարդիկ ենք, նենց որ` մենք գիտենք դրա ճանապարհը, դա Ձմեռ պապի գործառույթներից դուրս է: Ձմեռ պապն ավելի շատ կապված է հեքիաթների հետ:

- Ամանորի գիշերը երազանք պահե՞լ եք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ այլևս խորհրդարանում չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո:

- Բնականաբար, կան այնպիսիները, որ չեմ ուզենա` աշխատեն: Այսօրվա ամենամեծ խորամանկությունը մաքրությունն ու պարզությունն է: Բնականաբար, հնացած կատեգորիաների և մենթալիտետի մարդկանցից խուսափում եմ, և այդ էժանագին մեթոդները, որոնք կիրառվում են քաղաքական դաշտում, արդեն հին են, և չէի ուզի այդ մարդկանց, այդ էժանագին, թատերական ունակություններ ունեցող մարդկանց դեմքերը տեսնել: Նրանք շատ չեն, բայց կան:

 - Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա:

- Կարծում եմ, որ Ձմեռ պապիկն էլ ունեցավ խնդիր՝ ռաստամոժկայի և այլնի հետ կապված: Որոշակի ապրանքատեսակներ ներկրելիս Ձմեռ պապը խնդիր ունեցավ, դրա համար նրան ասում են` ինչ բերի: Օրինակ՝ մանդարին: Չգիտեմ` բանանի կամ շաքարի ներկրման հետ խնդիր ունեցա՞վ, թե՞ ոչ: Այդ հարցը կարող եք ուղղել պարոն վարչապետին: Ես այդ ներմուծման պրոցեսներում չկամ, բայց կարծում եմ, որ բերելուց առաջ լավ կլինի, որ Ձմեռ պապիկը նամակ գրի, կառավարության հետ համաձայնեցնի, որպեսզի սահմանին խնդիրներ չունենա:

-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:

- Եղնիկների:

 -Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:

- Չի լինում այդպիսի բան: Կան մարդկային տեսակներ, որ հլը մի տասը բաժակ պետք է խմեն, որ հասնեն իմ սովորական հարթությանը: Խմելն արվեստ է, ճիշտ խմելը մշակույթ է: Խմելը մեզ համար ուժ է: Կոնյակի գործարանի պատին գիտե՞ք` ինչ է գրված: Խմեք այնպես, որ առյուծի բերան ճղեք, մի’ խմեք այնպես, որ ախոռում սատկեք: Մենք գերադասում ենք խմել այնպես, որ առյուծի բերան ճղենք:

-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին հավերժ Ձմեռ պապ կլինեիք:

- Ձմեռ պահին` հեչ, Ձյունանուշը լավը լինի: Դա շատ կարևոր ֆիգուր է, և Ձյունանուշի կերպարն էլ այնքան կարևոր է, որ լրացնում է պապի ծերությունը, քողարկում է, էլի: Ես Ձմեռ պապ ինձ կզգայի ընտանիքիս, կնոջս, թոռնիկներիս կողքին: Քաղաքական դաշտում, քաղաքական կերպարների մեջ ես Ձյունանուշ չեմ փնտրում, որովհետև տարբեր բաներ են և իրարից շատ հեռու:

 -Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:

- Կան մարդկային տեսակներ, որոնց հետ թշնամի լինելը վտանգավոր է, բայց բարեկամ լինելը կործանարար:

-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

- Երբեք չեմ կշռվում` ո’չ տոներից առաջ, ո’չ հետո: Մեր օրգանիզմն արդեն վաղուց հմտացել է մեր սննդակարգին, տարբեր երկրների ճաշատեսակներին, այդ թվում` և մեր հայկական: Մեր ստամոքսը բոլոր տանջանքներին սովոր է: Քյուֆթայից հետո` խմորեղեն, հետո` փլավ կամ խաշ… Էդ թուհուբոհով անցած մարդ եմ: Դա իմ քաշի վրա չի ազդում, ես փոքրուց սենց եմ եղել: Եթե իմ երեք տարեկանի նկարը բերեմ, կտեսնեք` նույն փոքրիկ ցմփորիկն եմ եղել: Ինձ փորձեցին տանել ֆիթնեսի, բայց ես ապացուցեցի, որ իզուր է: