կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 16:41
Քաղաքական

Համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է և օգտակար. Արագած Ախոյան

Համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է և օգտակար. Արագած Ախոյան

Այսօր խորհրդարանում «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ և օգտակար է՝ ռեսուրսներ, հնարավորություններ խնայելու իմաստով, և այդ գործընթացի կյանքի կոչման արդյունքում պետությունը կարող է զերծ մնալ լրացուցիչ ծախսերից:

«Նրանք, ովքեր շփվում են այն շրջանների հետ, որտեղ կան բավական փոքրաթիվ համայնքներ, միանգամից հանդիպում են լուրջ խնդիրների: Համայնքների խոշորոցումն այս իմաստով կբերի ավելի ռացիոնալ կառավարման: 60, 100, 150 հոգանոց գյուղերում ունենալ դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտ կառույցներ, որոնք պետք են նորմալ հասարակական կյանք վարելու համար, լուրջ ծախսեր են պահանջում: Պատկերացրեք` եթե մենք չխոշորացնենք այդպիսի համայնքները, ինչ կլինի: Պետությունն այսօր ի վիճակի չէ նման փոքրաքանակ հասարակություն ունեցող համայնքներին ապահովել»,- ասաց նա՝ հավելելով. «Ուսուցչական կազմ գոյություն ունի, մասնագետներ, հազար ու մի խնդիր, և երկու-երեք աշակերտի համար էդքան ուսուցչական անձնակազմ պահելը, դպրոց պահելն անիմաստ ծախս է»:

Անդրադառնալով այն մտայնությանը, թե համայնքների խոշորացման արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվում, պատգամավորը նշեց. «Հենց դրա մասին է կառավարության վերջին որոշումը` կրճատումների են գնում, որպեսզի երկիրը երկիր դառնա: Մենք մոռանում ենք, որ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, մեզ գումարներ են պետք: Ժողովուրդը բողոքում է, որ թոշակներն են ցածր և այլն: Նմանատիպ տեղերը կրճատելով՝ կարծում եմ, որ կլուծվեն մի շարք խնդիրներ, որոնք այսօր ուղղակի անիմաստ վատնում ենք»:

Ախոյանի խոսքով՝ պետությունը միջոցների ռացիոնալ օգտագործման խնդիր ունի: «Պետությունն էլ մի մեծ ընտանիք է, որը պետք է որոշի՝ կոշիկին ինչքան գումար տա, հագուստին` ինքան գումար, սնվելուն` ինչքան և այլն: Չի կարելի կոշիկին ավելի թանկ վճարել, քան, ասենք, կոստյումին: Դրա համար պետք է ամեն ինչը վերանայվի, և վերանայման արդյունքում միգուցե մի փոքրիկ միկրոավտոբուս կամ մի ավտոբուս կտանի երեխաներին կողքի գյուղ ու ավելի քաղաքակիրթ կլինի, ավելի էժան կլինի, որակապես ավելի լավ կրթություն կստանան այդ երեխաները»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կա համաշխարհային փորձ, նույնիսկ` զարգացած երկրոներում, դրանք հանգեցրել են միմիայն դրական արդյունքի: