կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 21:44
Առանց Կատեգորիա

Սփյուռքի նախարարության ինքնասպանությունը

Սփյուռքի նախարարության ինքնասպանությունը

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է կառավարությանն առաջարկել, որպեսզի գործադիրը  վերանվանի Սփյուռքի նախարարությունը՝ Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարության: Հիմնավորումը հետեւյալն է՝ անհրաժեշտ է հայրենադարձության նախարարություն, որպեսզի հայերն իրենց հայացքը մայր հայրենիքին ուղղեն: Հասկանալի է չէ՞, քանի որ կար եւ առանձին գործում էր Սփյուռքի նախարարությունը, հայերն իրենց հայացքը ուղղում էին մայր հայրենիքից դուրս, հիմա պետք է որ լինի հայրենադարձության նախարարություն, որպեսզի հայերն իրենց հայացքն ուղղեն հայրենիքին: Դե, այսինքն, Սփյուռքի նախարարությունը պետք է մեծ թիմ ձեւավորի, որոնք պետք է ընկնեն Սփյուռքի տարբեր համայնքների դռները, ունենան կոլեկտիվ եւ անհատական հանդիպումներ մեր հայրենակիցների հետ եւ խնդրեն նրանց, որպեսզի վերջիններս իրենց հայացքն ուղղեն դեպի մայր հայրենիքը, ոչինչ, որ այնտեղ տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում, եւ ունի ժանգոտած կառավարման համակարգ եւ երեսուն տոկոսն անց աղքատություն:

Բայց այստեղ մի նրբություն էլ կա. բանն այն է, որ Սփյուռքը, որքան էլ մենք սիրենք այն, հայրենադարձության հականիշն է, այսինքն ստեղծել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, նույնն է, թե ստեղծել արտաքին եւ ներքին գործերի նախարարություն: Ավելին, եթե Սփյուռքի նախարարությունը պետք է նպաստի հայրենադարձությանը, եւ եթե հաջողվի, ապա պետք է փակել Սփյուռքի նախարարությունը, քանի որ բոլորը հայրենադարձած կլինեն, ավելի ճիշտ՝ Սփյուռք չի լինի: Ստացվում է, որ Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարությունը պետք է աշխատի, որպեսզի փակվի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարությունը: Իսկ եթե այդ նախարարության աշխատակիցները չեն ցանկանում, որպեսզի իրենց նախարարությունը փակվի, համենայնդեպս տեսանելի ապագայում, ապա այդ նույն՝ տեսանելի ապագայում պետք է ոչինչ չանեն, որպեսզի հայրենադարձություն ապահովեն. բանն այն է, որ իրենք նախարարության աշխատակից են, քանի դեռ Սփյուռք կա, իսկ Սփյուռք կա, քանի դեռ հայրենադարձություն չկա:

Թե ով կգլխավորի այս իրարամերժ նախարարությունը, դեռ պաշտոնապես չի հաստատվել /թեպետ իշխանության կուլիսներում ասում են, որ Հրանուշ Հակոբյանն անփոխարինելի է եւ կվերանշանակվի/, բայց նա լինելու է մեկը, ով մի կողմից ցանկանալու է, որ Սփյուռքի մեր համայնքները մնան, մյուս կողմից այնպես է անելու, որ դրանք վերանան՝ հայրենադարձության հաշվին:

Մնում է ստեղծել մի նախարարություն եւս՝ Հայրենապահպանության, որը նպատակ կունենա Հայաստանում բնակություն հաստատածների հայացքը միշտ պահել հայրենիքում: Փաստորեն, դրա համար պետք է նախարարություն բացել: Ավելի ճիշտ՝ մեր հայրենակիցները չէին հայրենադարձվում, քանի որ նախարարություն չկար, կար, բայց Սփյուռքի էր, իրենք էլ մնում էին Սփյուռքում, հիմա հայրենադարձության է` էլ չեն մնա, կգան:

Մի խնդրանք էլ, կլինի՞ Երեւանն էլ վերանվանենք Սինգապուր, եւ փաստորեն, դառնանք Սինգապուր:

Հովիկ Աֆյան