Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հասարակական պահանջ չի տեսնում: Պահանջ, ըստ Սաֆարյանի, չի լինի նաեւ առաջիկա տարիներին:
«Երկիր»-ի հետ զրույցում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ «Տեր-Պետրոսյանին 10 տարի պահանջվեց, որ ժողովրդի հիշողության մեջ մեղմացում գնա սեփական անձի նկատմամբ»: Ուշադրություն հրավիրելով Տեր-Պետրոսյանի վերադարձի փիլիսոփայության վրա` Սաֆարյանը նշեց, որ առաջին նախագահը իրեն դիտարկում է ոչ թե նոր իշխանություն, այլ իշխանափոխության գործիք, այս տեսանկյունից էլ Քոչարյանը ոչ միայն չի կարող դիտարկվել որպես նոր իշխանություն, այլ նաեւ չի լինի իշխանափոխության գործիք:
Խոսելով հասարակական պահանջի մասին` «Ժառանգության» պատգամավորը վստահեցրեց, որ մեր հասարակությունը նախեւառաջ ցանկանում է վստահ լինել նոր իշխանության նոր վարած քաղաքականության վրա, «իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ քաղաքական գործիչը չէ»:
«Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եթե անգամ ինչ-որ տնտեսական աշխուժացում եղել է, ապա դա երբեք բավարար չի գնահատվել հասարակության կողմից: Համեմատության մեջ գուցե ինչ-որ առավելություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, բայց հասարակության ճնշող մեծամասնության համար դա բավարար չէ»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ թեեւ կարելի է «արյունով, սկանդալներով, պարտադրանքով» վերադառնալ, բայց մյուս կողմից էլ` սա 1998 թվականը չէ:
Սաֆարյանը թեեւ նշում է, որ երկրորդ եւ երրորդ նախագահների մեջ դրական բաներ կան, «բայց երկուսն էլ ապացուցել են, որ ընդունակ չեն կառավարելու երկիրը»:
Մեր այն հարցին, որ եթե Սերժ Սարգսյանի կանգնի ընտրության առջեւ` Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ Քոչարյան, ո՞ւմ կընտրի, եւ ի՞նչ կլինի, Սաֆարյանը պատասխանեց, որ Քոչարյանին ընտրելը կլինի Սերժ Սարգսյանի քաղաքական ինքնասպանությունը: