կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-22 12:02
Իրավական

ԱԱԾ-ն խստացրել է «հանցավոր խմբի» գործով կալանավորվածներից շուրջ 20-ի մեղադրանքները

ԱԱԾ-ն խստացրել է «հանցավոր խմբի» գործով կալանավորվածներից շուրջ 20-ի մեղադրանքները

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ավելացրել է 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորվածներից շուրջ 20-ի մեղադրանքները: Մասնավորապես` խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը):

Yerkir.am-ի հետ զրույցում զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ևս ավելացվել է: Սակայն, նրա խոսքով, Արթուր Վարդանյանը չի ընդունում իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու մեղադրանքը: Ըստ նրա՝ նոր մեղադրանքը շինծու է, և այդ կերպ իշխանություններն իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում:

Նշենք, որ իշխանությունը յուրացնելուն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել նաև «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Նա նույնպես չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի վերաբերյալ քրեական գործով ներկայումս ներգրավված է 29 մեղադրյալ, որոնցից 4-ի նկատմամբ արդեն իսկ գործից մաս է անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Բուն՝ «հանցավոր խմբի» գործով նախաքննությունն արդեն ավարտվել է և ուղարկվել գործով վերահսկողություն իրականացնող դատախազությանը: