Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված` ծանր հանցագործություն նախապատրաստող խմբի գործով կալանավորված Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ` 71-ամյա հայր Անտոն Թութունջյանը երեկ ազատ է արձակվել: Նշենք, որ հայր Անտոնը «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է:
Օրեր առաջ էլ փոխվել էր այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողուհիներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա այն լրագրողն է, ով հարցազրույցներ է արել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի հետ:
Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Ռադիո Մարիամը», որում, մասնավորապես, ասված է. ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»:
«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից վերսկսել է իր բնականոն աշխատանքային օրակարգը, սակայն առայժմ մեծ մասամբ հաղորդումների կրկնություններով: Այս պահին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված` 30-ամյա Լիլիթ Թորոսյանը և հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանն ազատ են արձակվել: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խումբ: ԱԱԾ-ի հաղորդմամբ` նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ (այդ թվում` «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: