կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 16:59
Տնտեսական

Էական փոփոխություններ կկատարվեն ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում

Էական փոփոխություններ կկատարվեն ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է որոշում` ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին:

Իրավական ակտի նպատակն է կանոնակարգել պետական գնումների շրջանակներում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանել ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև  ընտրություն կատարելու չափորոշիչները:

Ներկայումս ավիափոխադրման ծառայությունների պետական գնումները մեծամասամբ իրականացվում են շրջանակային գնումների համար սահմանված ընթացակարգերի կիրառմամբ, որի պարագայում պատվիրատուների կողմից համեմատվում են ոչ թե ավիափոխադրող ընկերությունների, այլ փաստացի ավիագործակալությունների կողմից ներկայացվող գնառաջարկները: Ընդ որում, չնայած այն հանգամանքի, որ ներկայիս օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս պարզեցված եղանակով ավիատոմսեր ձեռք բերել անմիջապես ավիափոխադրողների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով՝ առանց մրցութային գործընթաց իրականացնելու, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվիրատուների գերակշիռ մասը նախընտրում է կիրառել ավելի բարդ մրցութային ընթացակարգերը: Այս դեպքում լայնածավալ բնույթ է կրում որոշակի չվերթի, երթուղու, ավիափոխադրողի հստակ նշումներով գնման փաստաթղթերում սահմանափակող բնութագրերի կազմումը, ինչը բացառում է այլ ավիափոխադրող ընկերությունների գնառաջարկների ներկայացումը և դրանց միջև տնտեսապես առավել շահավետ ավիատոմսի գնումը:

Բացի դրանից, ներկայիս գնման ընթացակարգի կիրառումը հնարավորություն է առաջացնում ավիագործակալների կողմից իրականացնել անբարեխիղճ մրցակցություն, որի շրջանակներում կարող են թաքնված լինել նաև կոռուպցիոն բնույթի ռիսկեր:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման գործընթաց իրականացվում է միայն էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա անմիջապես ավիանընկերությունների գնառաջարկների միջև, իսկ ընտրությունը կատարվում է տնտեսապես առավել շահավետ ավիատոմս ձեռք բերելու սկազբունքով, կիրառելով նախագծի մաս կազմող կարգում ամրագրված ընտրության չափորոշիչները և կանոնները: Ընդ որում, պատվիրատուներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նախընտրելի ավիատոմս նաև բացառապես բանկային քարտերի կիրառմամբ՝ ցանկացած այլ էլեկտրոնային հարթակից, եթե համանման պայմաններով նույն տոմսը ավելի էջան է միասնական էլեկտրոնային հարթակում գնանշվածից:

Նախագիծը նաև սահմանում է այն սահմանափակ անձանց շրջանակը, երբ պատվիրատուն իրավունք ունի ֆինանսավորել «բիզնես» և ավելի բարձր կարգի ավիատոմսերի գնումը: Ըստ ներակայցվածի՝ նման ավիատոմսերի ֆինանսավորում կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար:

 Մնացած անձանց համար նման ֆինանսավորում կարող է կատարվել միայն նախագծում նշված դեպքերում և կարգով: Նախագիծը նաև սահմանում է հստակ պահանջ ընթացակարգի պահանջների նկատմամբ պատվիրատուի ղեկավարի կողմից պատշաճ վերահսկողության վերաբերյալ: 

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդ­յունքը կլինի.

- պետական կարիքների համար ավիափոխադրման ծառայությունների գնումների ընթացակարգի առանձնահատկությունների սահմանումը և անհրաժեշտ չհամարվող ծախսերի կրճատումը և միջոցների տնտեսումը,

- տնտեսապես առավել շահավետ ավիատոմսի գնման ընտրություն կատարելու չափորոշիչները, ավիատոմսերի չմիջնորդավորված եղանակով (անմիջապես ավիանկերությունների կողմից միջազգային ավիափոխադրումների շուկայում) էլեկտրոնային հարթակում առաջարկվող ավիատոսմերի գնումը,

- տվյալ տեսակի գնումների գործընթացում հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի բացառումը,

 - պետական կարիքների համար գնված ավիատոմսերի վերաբերյալ կենտրոնացված հաշվետվությունների կազմումը և պետության կողմից կատարվող ծախսերի նկատմամբ վերահսկողության բարձրացումը: