կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 15:34
Հասարակություն

«ԿամԱԶ»–ի և 24 աղբատար մեքենայի գնման գործընթացում ՀՀ ՔՕ–ով չթույլատրված արարքի մասին տվյալներ չկան. քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ «Լույս» դաշինքին

 «ԿամԱԶ»–ի և 24 աղբատար մեքենայի գնման գործընթացում ՀՀ ՔՕ–ով չթույլատրված արարքի մասին տվյալներ չկան. քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ «Լույս» դաշինքին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երևանի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռք  բերման, ինչպես նաև աղբատար մեքենաների գնման գործընթացի փաստաթղթերի ուսումնասիրությամբ ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Գրառման մեջ ասվում է.

«Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում:

Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Սա՝ ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում»: 

Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ էր համարել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված այս մրցույթը, և որ քաղաքապետարանը մեքենաների գնման մրցույթը «կարել» է մեկ կազմակերպության հագով, ինչը վկայում է, որ առկա է հակամրցակցային համաձայնություն:

«Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի շահագործում իրականացնել: Այն  գնումը, որը հայտարարվում է, ուղղված էր մեկ կազմակերպության: Իսկ մենք ասում էինք, որ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և այն պետք է լինի բացարձակ օրինական: Քաղաքապետարանը մեր կոչերը չլսեց և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Իսկ մնացած կազմակերպությունները, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, այդ հնարավորությունը չունեին, որովհետև մրցույթի տեխնիկական բնութագրերն այդպես էին կազմված: Եթե չփոխենք տեխնիկական բնութագիրը, ապա այն կազմակերպությունները, որոնք տվյալ մրցույթում շահառու են, կարող են դիմել դատարան, և մեքենաները բերելու գործընթացը կերկարի: Իրավիճակն արդեն գնացել է այլ ուղղությամբ, և գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչն այդ գնումը կասեցրեց: Սա այն որոշումն է, որով կասեցված է բողոքը, այստեղ շատ հստակ նշվում է, որ գնման բնութագիրը սահմանելիս պիտի հաշվի առնել, որ դրան պետք է բավարարեն 1-ից ավելի մասնակիցներ, և եթե սա չի սահմանվում, ապա գնումն անօրինական է: Ըստ այդմ՝ քաղաքապետին պարտավորեցվեց հայտարարել նոր մրցույթ՝ փոխելով տեխնիկական բնութագիրը: Եթե մրցույթը շատ արագ հայտարարվեր, այսօր կունենայինք նոր մեքենաներ: Իսկ քաղաքապետարանը դիմեց դատարան՝ վիճարկելու գնումների բողոքարկման խորհրդի որոշումը: Խորհուրդը երեք նիստ է ունեցել, և քննող անձն ասել է՝ եթե սա մեկ կազմակերպության «հագով չի կարված», ապա տվեք 2-րդի և 3-րդի անունը, որ կարող է մասնակցել այս մրցույթին: Համարժեք որևէ կազմակերպություն չներկայացվեց: Ես արձանագրում եմ՝ տենդերների խնդիրը ՀՀ-ում ինչպես եղել է որպես հակամրցակցային համաձայնություն, այնպես էլ մնացել է: Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Թող պատկան մարմինները քննեն»,- նշել էր Խաժակյանը: