կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 23:41
Իրավական

Օրենքներում կկատարվեն փոփոխություններ

Օրենքներում կկատարվեն փոփոխություններ

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

 

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով հեղինակն առաջարկում է համապատասխանեցնել օրենքներում առկա հակասական դրույթները: Բացի այդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել նոր դրույթ, ըստ որի՝ «Արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին քվեարկության օրվան նախորդող 6 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը՝ մինչեւ ժամը 20.00-ն հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ»:

 

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ պատագամավորներ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենքը լրացնել նոր պարբերությամբ, որը փաստաբաններին հնարավորություն կտա իրենց վստահորդների շահերի պաշտպանության նպատակով առանց համապատասխան համաձայնության տեղեկություններ ստանալ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ:

 

Այս փոփոխության վերաբերյալ եւս կառավարության դիրքորոշումը դրական էր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին:

 

Նույն օրը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված՝ «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիրը»: Վարկային համաձայնագիրը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10 մլն 300 հազար եվրո վարկ՝ ֆինանսավորելու Բագրատաշենի սահմանային անցակետում կամուրջի կառուցումը: Այս վարկը մեկ ամբողջական ծրագրի բաղկացուցիչ մասն է. ծրագրի ամբողջական արժեքն ավելի քան 65 մլն եվրո է, որով նախատեսվում է արդիականացնել Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերը: Վարկառուն այս աշխատանքների իրականացման համար գումարներ կստանա Եվրոպական ներդրումային բանկից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ԵՄ Հարեւանության ներդրումային ծրագրից, ԵՄ-ից: Փոխնախարարը նշեց, որ գումարների զգալի մասը դրամաշնորհներ են, իսկ այս համաձայնագրով ստանալիք վարկն ունի մեղմ պայմաններ:

 

Պատգամավորները հարցադրումներով տեղեկացան վարկի տոկոսադրույքների ու մարման պայմանների, աշխատանքների բաշխման ու ժամկետների, հնարավոր ռիսկերի մասին: Խոսելով ծրագրից ակնկալվող արդյունքների մասին՝ հիմնական զեկուցողը նշեց, որ այս անցակետն արդիականացնելուց հետո կպարզեցվի եւ կներդաշնակեցվի Հայաստանի եւ Վրաստանի սահմանի այս հատվածում մարդկանց եւ փոխադրամիջոցների տեղաշարժը՝ նվազագույնի հասցնելով դրա վրա ծախսվող ժամանակը:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  Արտակ Զաքարյանի նախագահությամբ եւս քննարկվեց 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ակնկալվում է ծրագիրն ավարտին հասցնել համաձայնագրի ստորագրմանը հաջորդող երեք տարիների ընթացքում:

 

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Նիստում քննարկվեցին նաեւ առաջիկայում խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ մի շարք թեմաներ եւ հանրային կարեւորություն ունեցող հարցեր: