Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի տնտեսությանը օդ ու ջրի պես անհրաժեշտ է թռիչքաձև զարգացում. Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ապա անդրադարձավ այն տեսակետին, թե Կարեն Կարապետյանը գուցե սինգապուրյան մոդելի օրինակը տեղայնացնի Հայաստանում:
«Նախ ասեմ, որ մեր տնտեսական զարգացման տեմպերը մեզ չեն գոհացնում` չէր գոհացնում հանրապետության նախագահին, չէր գոհացնում նաև հարգելի` արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թեև նա ամեն ինչ անում էր, բայց չէր գոհացնում: Այս պարագայում` նոր վարչապետը երկար ճանապարհ ունի անցած` աշխատել է տարբեր տեղեր և որտեղ աշխատել է, գոհացրել է: Նրա աշխատանքային գործունեության հետ առնչվել եմ դեռևս 1996 թվականից. տարբեր ոլորտներում լինելով` համագործակցել ենք»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` Կարապետյանը որոշակի հարցերում ունի առաջադեմ հայացքներ: «Մենք դա տեսել ենք նաև այն ժամանակ, երբ նա Երևանի քաղաքապետ էր: Հաշվի առնենք նաև, որ դեռևս Սարգսյան Տիգրանն էր փորձում սինգապուրյան մոդելը կիրառել Հայաստանում: Հիմա անունն ինչ ուզում ենք դնենք, բայց մեզ իսկապես թռիչքաձև զարգացումն անհրաժեշտ է օդ ու ջրի պես, որովհետև մենք, ունենալով բազում խնդիրներ, արտաքին մարտահրավերներ, չենք կարող դանդաղ տեմպերով մեր զարգացումն ապահովել: Փոփոխությունների նպատակը հենց դա էր: Նաև երևի կառավարության փոփոխությամբ կկարողանանք արագ տեմպերով զարգացում ապահովել, և դա է խնդիրը»,- ասաց Ավետիսյանը:
Հարցին՝ հենց Կարեն Կարապետյա՞նն է այն անձը, ով կկարողանա կյանքի կոչել այդ ամենը, պատասխանեց. «Կարեն Կարապետյան անձը ինձ մոտ հավատ ներշնչում է: Կստացվի՞, թե՞ ոչ, չգիտեմ, բայց բոլորս ցանկություն ունենք, որ ստացվի, և բոլորս էլ պետք է կարողանանք սատարել և, ստացվելու առումով, մեր բաժինն ունենալ»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ բավական քիչ ժամանակ է մնացել մինչև խորհրդարանական ընտրությունները, և Կարեն Կարապետյանին, ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս է տրված գործադիրի ղեկավարի պաշտոնում լինելու համար, Ավետիսյանը նշեց. «Այո, 17 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններ են, բայց կարծում եմ, որ այս ընթացքը ցույց կտա՝ խորհրդարանական ընտրութուններում ինչ ուժեր կհաղթեն, և այդ ընտրություններից հետո արդյո՞ք այս կառավարությունը կլինի շարունակական, մենք նրանց հնարավորությո՞ւն կտանք, որ ծրագրերը կյանքի կոչվեն հաջորդ տարիների ընթացքում»:
ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիների մասին: «2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը Հայաստանի վրա ունեցավ 2010 թվականին, իսկ 14 թվականի համաշխարհային ճգնաժամի ընթացքում, ի պատիվ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանում տնտեսական աճ տեղի ունեցավ»,- ասաց նա: