|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները մենաշնորհների ու կոռոպցիայի դեմ պայքարի մասին հարցեր ուղղեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին: Պատգամավորը նախ նշեց, որ անգամ եվրոպական զարգացած երկրներում կա կոռուպցիա, մի երկրում` մի քիչ ավելի, մյուսում՝ մի քիչ պակաս: «Ի՞նչ վատ բան կա, որ կառավարությունը սկսել է ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին»,- հարցրեց նա:
Հակոբյանի խոսքով՝ 25 տարի առաջ, երբ Հայաստանը խորհրդային պետության կազմից դուրս եկավ, գնալով համակարգի փոփոխության, չուներ փորձ, ինչպիսին հիմա ունի, այսինքն` կոռուպցիայի դեմ պայքարն էլ մի օր պետք է սկսվեր: Ըստ պատգամավորի` կան երկրներ, որ անգամ չեն էլ սկսել այդ պայքարը:
Հակոբ Հակոբյանը համաձայն է, որ կոռուպցիան ոչ թե ժողովրդի մեջ է այլ՝ իշխանությունների, և հենց այդ նույն իշխանությունները կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ: Նա կարծում է նաև, որ կոռուպցիան հիմնովին վերացնելն անհնար է, իսկ դրա դեմ պայքարելը` դժվարին գործ, ուստի խնդիրը չափի մեջ է, լավ կլիներ, որ Հայաստանում չափի մեջ լիներ կոռուպցիան:
«Մի քանի տարի հետո` երեք կամ հինգ տարի հետո, կտեսնենք` ինչ արդյունքներ է տվել այսօր սկսված` կոռուպցիայի դեմ պայքարը, բայց վարչապետը դրա մասին հայտարարել է, ու բոլորը սկսել են քննադատել»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով սպասել:
Հակոբ Հակոբյանը նաև ողջունեց էկոնոմիկայի նոր նախարարի՝ Արծվիկ Մինասյանի գործունեությունը, որովհետև տեսնում է բավական դրական տեղաշարժեր:
Նա հավելեց, որ բենզին ու դիզվառելիք ներկրողները մի քանիսն են, ինչ վերաբերում է շաքարավազի շուկային, ապա, պատգամավորի խոսքով, թեև մեկ արտադրություն է, սակայն այնտեղ բազմաթիվ աշխատատեղեր կան, և պետք է ընդունել այդ հանգամանքը: