կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 19:10
Քաղաքական

Հուսամ՝ մինչև դեկտեմբերի 31-ը «Զինապարտության մասին» օրենքը ընդունված կլինի՝ փոփոխված տարբերակով. Պողոսյան

Հուսամ՝ մինչև դեկտեմբերի 31-ը «Զինապարտության մասին» օրենքը ընդունված կլինի՝ փոփոխված տարբերակով. Պողոսյան

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս մշակման փուլում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Օրինագծի հեղինակները ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն են: «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է հանել ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

«Կառավարությունն ասում է, որ օրենքը դեռևս մշակվում է: Դեռ նորություն չկա:  Նրանք էլ են գիտակցում, որ առանց որևէ փոփոխության մեր անվտանգության խնդիրները շատ ավելի բացասական են լինելու: Հուսամ, որ  համապատասխան փոփոխությունները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազմանը,  կլինեն համապատասխան  մեխանիզմներ, և մեր երեխաները կունենան ուսումը շարունակելու հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` դեռևս մայիս ամսին կառավարությունն ասել է, որ փոփոխություններն ավարտված կլինեն երեք շաբաթից: «Մայիսին ասացին, որ երեք շաբաթ կտևի,  մենք էլ նախագծի քննարկման ժամանակ հետ կանչեցինք, հետո էլ հունիսից տեղափոխվեց սեպտեմբեր: Հիմա հուսով եմ, որ առնվազն այնպես կանեն, որ այս նստաշրջանում լինի, կամ էլ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը օրենքն ընդունված կլինի՝ փոփոխված տարբերակով»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե իրենց առաջարկած օրենքի նախագծի ընդդիմախոսներն ասում են, որ կտուժի գիտությունը, եթե 18 տարին լրացած բոլոր տղաները գնան ծառայության, պատգամավորն ասաց. «Այն երկրները, որտեղ պարտադիր է այդ ամենը, ովքեր ունեն անվտանգության խնդիր, օգտագործում են գիտությանը զարկ տալու այլ մեխանիզմներ: Այդպիսի երկրները Հայաստանից առնվազն  շատ առաջ են: Գիտության զարգացման համար պետք է նոր մեթոդաբանություն մշակել»: