Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան եզրակացության ներկայացնելու մասին աներկբա պահանջը։
Հապճեպ քվեարկության արդյունքում ԱԺ պատգամավորների 88 ձայներով ընդունվեց այն համաժողովրդական հանրաքվեի դնելու ապօրինի որոշումը, որը և ներկայացվեց ՀՀ Նախագահի ստորագրությանը։ Համանման հապճեպությամբ, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Նախագահը ստորագրեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, և սույն թվականի ապրիլի 5-ը նշանակեց հանրաքվեի անցկացման օր։
Հաշվի առնելով հարցի հատուկ կարևորությունը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրության և օրենքների այն կոպիտ ու բացահայտ խախտումներին, որոնցով ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է և ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է վերոնշյալ որոշումը։ Մասնավորապես՝
1. ՀՀ Սահմանադրության 169 հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե նախաձեռնելու պարագայում ՀՀ Ազգային Ժողովը պարտադիր դիմի ՀՀ Սահմանադրական դատարան ։ ՀՀ Ազգային ժողովը ակնհայտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության այս կարևորագույն նորմը։
2. ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի Գլուխ 19-ի 86 հոդվածը սահմանում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծերը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումների ընդունման ընթացակարգի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը նախ պետք է քվերակվեն առաջին և երկրորդ ընթերցմամբ, և հարցը կարող է դրվել երկրորդ ընթերցման միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացություն ստանալուց հետո։ Սահմանված կանոնակարգային ընթացակարգը միարժեք է ու տարընթերցում չի ենթադրում, բայց ՀՀ ԱԺ կողմից վերոնշյալ երկու պահանջներն էլ խախտված են։
3. ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2 կետը ևս միարժեք սահմանում է, որ ՀՀ ԱԺ-ն սահամանդրական փոփոխությունների նախագիծը պարտադիր ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը պարզելու համար, և այս դրույթը որևէ երկիմաստ մեկնաբանության տեղ չի թողնում։ Կրկին շեշտենք, որ դա չի արվել և հարցը ներկայացվում է ժողովրդի դատին՝ առանց դրա օրինականությունը հաստատելու։
4. Բացի ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջների ակներև խախտումներից, հանրաքվեի մասին որոշումը նաև խախտում է ընդունված իրավաստեղծ պրակտիկան, երբ ՀՀ սահմանադրության ցանկացած փոփոխություն դրվում է նախապես հանրային քննարկման, և ներկայացվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ իրավական եզրակացության։ Փոփոխության նախագծի հեղինակները, ըստ երևույթին, գիտակցելով ներկայացված նախագծի ոչ իրավաչափ բնույթը, խուսափել են այդ կարևորագույն գործընթացից ևս, դրանով վտանգելով Հայաստանի միջազգային պարտավորությունները և հեղինակությունը։
Խախտելով ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների պահանջները, ԱԺ մեծամասնությունը նախաձեռնել է հակասահմանադրական և հակաօրինական գործընթաց, որի մեջ նա փորձում է մոլորեցնելով ներքաշել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ելնելով վերը շարադրվածից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտնում է իր վճռական բողոքը իրականացվող հակաօրինական գործընթացի դեմ, և կոչ է անում պետականամետ բոլոր քաղաքական, հասարակական և մասնագիտական կազմակերպություններին, շահագրգիռ բոլոր քաղաքացիներին համատեղ պայքար սկսել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի և օրինականության վերականգման համար։