կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 17:17
Հասարակություն

Արցախում բնակարանաշինության նոր ծրագիր է մեկնարկել

Արցախում բնակարանաշինության նոր ծրագիր է մեկնարկել

Artsakh Roots Investments (ARI) ներդրումային կազմակերպությունը 2010-2016 թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում շուրջ 3.5 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել գյուղատնտեսության զարգացման համար:

Սեպտեմբերի 5-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, կազմակերպության ներկայացուցիչ[, ՀՅԴ Բյուրոյի անդամ] Բենիամին Պչաքճեանը նշեց, որ իրենք Արցախի Հանրապետության կառավարության հետ պայմանագրի համաձայն և կառավարության երաշխավորությամբ Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում տրամադրում են մատչելի տոկոսադրույքներով փոքր գյուղատնտեսական վարկեր՝ անասնապահության և հողագործության զարգացմանը նպաստելու նպատակով: 2010-2016թթ. կազմակերպության տրամադրած վարկային միջոցներից օգտվել է ավելի քան հազար ընտանիք: Կազմակերպությունը վերջերս նախաձեռնել է բնակարանաշինության ծրագիր, որի ավարտին 150 նոր բնակարաններ կկառուցվեն և կհանձնվեն իրենց տերերին:

«Այս կազմակերպությունը ոչ թե բարեգործական, այլ ներդրումային կազմակերպություն է, որի նպատակն է սփյուռքից ներդրումներ ապահովել այս երկու շրջանների տնտեսական զարգացման և վերաբնակեցման նպատակով: 2010թ. է հիմնադրվել կազմակերպությունը: Սկսել ենք 16 գործարարով, իսկ այսօր արդեն 180 գործարարներ մաս են կազմում այս կազմակերպությանը: Նրանք մարդիկ են սփյուռքի տարբեր գաղութներից, տարբեր միջավայրերից՝ Արաբական Էմիրություններից, Քուվեյթից, Եվրոպայից են. ներդրողների 80 տոկոսը Լիբանանից են։ Նրանք, հավանաբար, նույնիսկ միմյանց չեն ճանաչում, սակայն տրամադրված են ներդրումներ կատարել այս նպատակներով: Հիմնական ծրագիրը սկսել ենք գյուղատնտեսության զարգացման համար միկրովարկեր տրամադրելով: Մենք այդ աշխատանքներն իրականացնում ենք ԼՂՀ կառավարության հետ պայմանագիր ստորագրելով, իրենց երաշխավորությամբ, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մենք ոչ միայն նպաստել ենք այդ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, այլ նաև այդ շրջանների տնտեսական զարգացմանը, արձանագրվել է նաև 20-25 տոկոս բնակչության աճ»,- նշեց Պչաքճեանը:

\"FotorCreated\"

Նա հավելեց, որ երկու շրջաններում կազմակերպության տրամադրած վարկային միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, եռապատկվել է մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: «Մշակված տարածքները նույնպես եռապատկվել են: Վերջերս մենք նոր ծրագիր ենք նախաձեռնել, որը վերաբերում է բնակարանաշինությանը: Մենք ունենք սիրիահայ եղբայրներ, որոնք, Սիրիայի դեպքերի հետ կապված, ցանկություն հայտնեցին տեղափոխվել Արցախ և վերաբնակեցնել այդ տարածքները: Մենք էլ մեր հերթին աջակցել ենք այս ծրագրին, որը բաղկացած է երեք մասից: Առաջին հանգրվանը 50 բնակարանի կառուցումն է, որը գրեթե ամբողջացած է: Հիմա հետևողական ձևով պետք է ընթանան երկրորդ և երրորդ փուլերը: Արդյունքում կունենանք 150 նորակառույց բնակարան: Բնակարանները գտնվում են Աղավնո գետի ափին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հատվածում: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի թե իր դիրքով, թե բնական հարստությամբ»,- նշեց նա:

Բենիամին Պչաքչյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ին արդեն 25 բնակարան հանձնվել են շահագործման: «Հույս ունենք, որ մինչև տարեվերջ մնացած 25-ն էլ կհանձնվեն իրենց տերերին»,- եզրափակեց նա:

Բնակարանները տրամադրվում են ԼՂՀ կառավարության միջոցով։ Դրանք նախատեսված են 6 և ավել անձ ընդգրկող ընտանիքների, սպաների և այն ընտանիքների համար, որոնց բնակարանները քանդվել են այս ավանը կառուցելու համար։ Արդեն ԼՂՀ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բնակարաններ հատկացվեն նաև Արցախում բնակվել ցանկացող սփյուռքահայերի համար։

Կազմակերպության անդամ Ստեփան Տէր-Պետրոսեանը շեշտում է՝ մենք բիզնես ենք անում, սակայն այդ բիզնեսի մեջ մեծ շահեր չենք ակնկալում, ստանալով միայն ներդրումային տոկոսներ, որոնք շատ ցածր են և՛ վճարողի, և՛ ներդրում կատարողների համար։ Տեր-Պետրոսյանն այս ներդրումային ծրագիրը համարում է երկարամյա, քանի որ այն կարող է տևել եւս 20-30 տարի։

Կազմակերպությունը նպատակադրվել է դառնալ համահայկական կառույց, որը ներդրումներ կապահովվի ԼՂՀ զարգացման համար, ինչպես նաև կվերականգնի Քաշաթաղի՝ մինչ պատերազմական տարիներն ունեցած 2 հազար հեկտար խաղողի այգիները, միլիոնավոր անասունները, դառնալով Հայաստանի «պարենային զամբյուղ»-ը՝ երկու հանրապետություններին սննդամթերք և մսամթերք ապահովվելով։

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»/«ՀԵՏՔ»