Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները, տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում։