կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-29 10:35
Հասարակություն

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ օգոստոսի 29-ին հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը տապալված է:

 

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

 

«2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը: 

 

Անգամ հնարավոր առավելագույն երկարաձգված վրջնաժամկետից՝ ապրիլի 30-ից 4 ամիս անց, 2013թ. օգոստոսին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ավելին, շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում (http://www.ysugu.am/hy/1361799187/new_id/5054) 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն կրկին երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:

 

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով (2013թ. մայիս 17 և հուլիս 12) և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

 

Ս.թ. մայիսի 17-ի նամակին ի պատասխան մայիսի 20-ի թիվ 01910513 նամակով Արսեն Քարամյանը հայտնել է, որ «...Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են և ներկայումս իրավասու մարմինների կողմից իրականացվում են բնակարանների մակերեսների փաստացի չափագրման և շինարարության ավարտի փաստագրման աշխատանքները: 2013 թվականի մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի գնի ընդհանուր վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը: Բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ շահառուներն անհատապես կծանուցվեն»:  Մինչդեռ հակառակ նամակում նշվածի՝ մինչ օրս իրենց բնակարանները տեսնելու հնարավորություն են ունեցել 14 բնակելի հարկերից միայն 1-4-րդ հարկերի բնակարանների շահառուների մի մասը, որոնց հետ այլևս որևէ գործարք չի կատարվել:

 

Ս.թ. հուլիսի 12-ին Արսեն Քարամյանին ուղղված նամակին այդպես էլ գրավոր պատասխան չտրվեց՝ չնայած նամակում հատուկ նշված գրավոր պատասխանի պահանջին: Նույն օրը պարոն Քարամյանի հետ շենքի մի խումբ շահառուների ունեցած հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ շենքի շինարարական աշխատանքներն ավարտվելու են մինչև ս.թ. օգոստոսի 15-ը, իսկ օգոստոսի 2-ին ակնկալվող շենքի շահագործման ակտը ստանալուն պես սկսվելու է առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքման գործընթացը ԵՊՀ շրջանավարտների միավորման ԽՆԴՐԱՆՔՈՎ բնակարանի արժեքի վերջին 15 տոկոսին համարժեք գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վճարած 7 շահառուների, ապա նաև մյուսների հետ: Այս պնդումը ևս, ինչպես հետո պարզվեց, իրականության հետ որևէ առնչություն չունի: Ավելին, ս.թ. օգոստոսի 16-ին  և 26-ին աշխատանքային ժամերին շինարարության հրապարակ այցելելով շահառուները համոզվել են, որ անգամ ժամկետների այսքան ուշացման պարագայում շենքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։

 

Հաշվի առնելով այն, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո՝ իրավիճակի մանրամասն նկարագրությամբ նամակ է ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին։

 

Սոցիալական նշանակություն ունեցող այս ծրագրին միանալը պետական բուհերի երիտասարդ մասնագետներից շատերի համար 2010թ.-ի ապրիլին թվում էր իսկական երջանկություն և գնահատվում որպես այս խմբի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում, մինչդեռ այսօր շենքի ճակատագրի հետ կապված բացարձակ անորոշությունը, ԵՊՀ շրջանավարտների միավորման անպատասխանատվությունը և երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պարբերաբար հնչող իրարամերժ  ու ստահոդ պատասխանները հանգեցնում են ծրագրի հանդեպ անվստահության և  շահառուների հիասթափության»: