կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 13:46
Քաղաքական

Զարգանալ` չզիջելով. եթե կողմ կլինեն մեր մոտեցումներին, պատրաստ ենք համագործակցել. Ռուստամյան

Զարգանալ` չզիջելով. եթե կողմ կլինեն մեր մոտեցումներին, պատրաստ ենք համագործակցել. Ռուստամյան
Ի՞նչ գործիքակազմով է Դաշնակցությունը պատրաստվում իր գործունեությունը շարունակել, և արդյո՞ք առաջիկայում ՀՅԴ-ն կհամագործակցի ՀՀԿ-ի հետ: ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի ներկայացուցիչների ասուլիսի ընթացքում այս հարցերն ուղղվեցին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին: 
 
Ռուստամյանը հիշեցրեց, որ, երբ իրենք մասնակցում էին այս ընտրություններին, բազմիցս կրկնել են, որ Դաշնակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չի լինելու ընտրությունների արդյունքների հետ: Նրա խոսքով` Դաշնակցությունը լինի Ազգային ժողովում, թե` ոչ, իր գործունեությունը շարունակելու է: «Մենք հայ իրականության մեջ իսկապես կայացած,  եթե չասեմ` միակ, ապա ամենակայացած կուսակցությունն ենք: Ոչ միայն կուսակցություն ենք` իր ներկայությամբ Հայաստանում, այլև չկա մեկ այլ կուսակցություն, որ ներկայություն ունենա բոլոր այն տեղերում, որտեղ հայությունն իր ներկայությունն արձանագրել է` Արցախում և Սփյուռքի բոլոր մասերում: Մեր գործիքակազմը մեր ծրագրից է բխում, մեր ուժի աղբյուրը մեր ժողովուրդն է` համասփյուռ հայությունը, և պայմանավորված չէ մանդատներ ունենալ-չունենալով»,- ասաց նա: 
 
ՀՅԴ Բյուրոյի նախագահի խոսքով` Դաշնակցությունը 70 տարի անգամ Հայաստանում էլ չի եղել, վերընձյուղվել է 90-ականներին` հայտարարելով իր ներկայությունը Հայաստանում: Ռուստամյանը հիշեցրեց, որ եղել է ժամանակ, որ ՀՅԴ-ն խորհրդարանում էլ չի եղել, մասնավորապես` 90-ականներին: «Մենք հետո այնտեղ ունեցանք խումբ, երբ բոլորը տեսան, որ կա ֆորսմաժորային իրավիճակ, ազգային խնդիրներին հետամուտ լինելու անհաժեշտություն, և խորհրդարանում ձևավորվեց մեծաքանակ պատգամավորական խումբ: Մենք այդ բոլոր փուլերն անցել ենք և վստահ ենք` եթե մեր գաղափարները կենսունակ են, մեր ասելիքը հստակ է և բխում է ժողովրդի շահերից, Դաշնակցությունն անելիք և ուժի աղբյուր ունի»,- ասաց նա: 
 
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցելուն, ապա Ռուստամյանը նշեց, որ իրենք  ժամանակին հրապարակել էին հայտնի 7 կետերն ու ասել, որ Դաշնակցությունը կհամագործակցի բոլորի հետ, ովքեր կընդունեն այդ 7 կետերը:
 
«Այս փուլում հստակ արձանագրել ենք` Հայաստանը կանգնած է լուրջ ջրբաժանի առաջ. մենք պետք է համախմբենք մեր ուժերը և գիտենք, որ ունենք առնվազն երկու պետություն, որ թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ. թուրք-ադրբեջանական տանդեմի մասին է խոսքը: Մեր կարծիքով` Հայաստանն ինչպիսի իշխանություն էլ ունենա, այդ օբյեկտիվ պայմաններում պետք է գործի` կա պատերազմական վիճակ, և կա շրջափակման վիճակ:  Հայաստանը պետք է զարգանա` չզիջելով, այսինքն` մենք պետք է հստակ հասկանանք, որ Հայաստանի զարգացումը պետք է ապահովի այն, որ մենք չզիջենք մեր ազգային նպատակները, սերունդների շահերը Արցախում և հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց Բյուրոյի նախագահը:
 
Նա հավաստիացրեց, որ ով ընդունի հայեցակարգային այդ մոտեցումը` զարգանալ` չզիջելով, պատրաստ են ամենասերտ համագործակցության, իսկ ով չի ընդունի, կլինեն ամենաառճակատվող ընդդիմությունն այդ քաղաքական ուժին:
 
Ռուստամյանը հիշեցրեց 1990-ականները, երբ որոշում կայացվեց, որ եթե Հայաստանն ուզում է զարգանալ, պետք է զիջի: «Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը հիշում եք` Սերգո' ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի խնդիրը չի լուծվել: Մենք էլ ասում ենք` Ղարաբաղի խնդիրը լուծելը մեր ազգային արժանապատվության հարցն է: Մեր ձեռք բերած նվաճումը` Արցախի ազատագրված տարածքներն ու հաղթանակը, մեր գլխավոր նվաճումն է, և սրանից զիջում չի կարելի թույլ տալ: Սա նշանակում է` համապատասխան ներքին և արտաքին քաղաքականություն մշակել: Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, գնալ Արցախի հիմնահարցի լուծման այն ճանապարհով, որն Արցախի ժողովուրդը հանրաքվեով ու Սահմանադրությամբ հռչակել է: Իսկ ներքին քաղաքականության մեջ սա ենթադրում է, որ մենք պետք է ունենանք այնպիսի մոտեցում, որ այդ 42 000 քառ. կմ-ն` Հայաստան և Արցախ, ոչ թե բեռ է, որից պետք է ազատվել, այլ զարգացման ռեսուրս է, ինչը մեզ բավարար է, որ մենք ինքնուրույն զարգանանք»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ բանակն էլ ոչ թե ծանրաքարշ վագոն է մեր գնացքի մեջ, այլ լոկոմոտիվ պետք է դառնա: «Դրա համար ռազմարդյունաբերական համալիրը պետք է զարգացնել, բանակը դառնա ոչ թե սպառող, այլ նպաստի տնտեսության զարգացմանը, և ամենակարևորը` ինքնաբավությունը պետք է մեծացվի: Պետք է հասնենք նրան, որ ինքնաբավ լինենք` հնարավորինս շատ ապրանքատեսակների հետ կապված»,- ասաց նա:
 
Ռուստամյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ հարցերի վերաբերյալ իրենք խոսել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահի` եթե այս մոտեցումները դառնան պետական ծրագիր, կառավարության ծրագիր, պատրաստ են ամբողջությամբ համագործակցել: