կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 10:01
Քաղաքական

Ուրախությամբ կարող ենք նշել, որ հասարակության ճնշող մեծամասնությունն առաջնորդվում է ՀՅԴ-ի՝ «Զարգանալ՝ չզիջելով» կարգախոսով. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ իշխանություններին պետք է սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան։ Բոլոր օրենքները՝ հաճախ հակասահմանդրական, որոնք պատրաստվում են, դրանք հասնելու են ՍԴ, հետևաբար` իրենց անհրաժեշտ է ունենալ սեփական, իրենց քիմքին հաճելի որոշում ընդունող ՍԴ, և ամեն ինչ անելու են, որ այս ՍԴ-ն ունենան. այս մասին 168.am-ի հետ ուղիղ եթերում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ ՍԴ նախագահ փոխելու հարցը դեռ օրակարգում է։

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություններն ինչ էլ անեն, անելու են ժողովրդի անվան տակ և պատահական չէ, որ ամեն առավոտ ասում են՝ «ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է» և իրենց ցանկացած գործողություն պետք է արդարացնեն ժողովրդով։ «Իհարկե, դա կփաթեթավորեն, կներկայացնեն, որ դա  հանուն արդար դատարաններ ունենալու, հանուն արդարության, տնտեսության զարգացման է, կկապեն ներդրումները պետական ապարատի ճգնաժամի հետ։ Բայց ակնհայտ է` ժողովրդի և իշխանության ցանկությունները արդեն տարբեր են։ Իրենց գործողությունները հիմնավորելու և օրինականացնելու համար անընդհատ հղում են անելու ժողովրդին։ Ժողովրդի համար էական չէ, թե ով է ՍԴ նախագահ, երբ որ ժողովուրդը չի առնչվում ՍԴ-ի հետ։ Դատարանից հետո այլ պահանջ են գտնելու։ Երբ ՍԴ փոփոխությունը մարսեն, ինչին խիստ կասկածում եմ, ուրիշ հակահերոս են գտնելու, պետք է զբաղեցնեն։ Պատմական հնարավորությունը ձեռքներից բաց են թողել, այս հասարակությանը համախմբելու, իրական բարեփոխումների փոխարեն հակահերոսներ են գտնելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է ինքը աշխատել` օրական մի քանի անգամ ուղիղ եթեր մտնելով, կես ժամից ավելի խոսելով, «լայքեր, սրտիկներ» հաշվելով, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզպետ եղած տարիներին նույնիսկ անջատում էր հեռախոսն ու համակարգիչը՝ ժամանակ չունենալու պատճառով. «Քոմենթներին հետևելով, ստատուսներ կարդալով, պաշտոնյայի համար դժվար է լինելու որոշումներ կայացնել և առաջ գնալ։ Զարմանում եմ, թե պաշտոնյաներն այդքան ժամանակ որտեղից ունեն. օրը սկսում են լայվով, ավարտում են լայվով, կեսօրին 4 հատ նկար են գցում։ Լայվով այլևս չես կարող հասարակություն պահել։ Մեկ նկար կար` տարբեր պաշտոնյաներ հավաքվել, խնջույք են անում, շատ լավ են անում, դա բնական է, բայց նկարի վերևը գրում են «ծառայում ենք ազգին, ժողովրդին»», - նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով երեկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ուրախությամբ կարող է նշել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը առաջնորդվում է ՀՅԴ 30 տարվա կարգախոսով՝ «Զարգանալ՝ չզիջելով»։

«Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջանակների տեսակետը հայտնի է՝ «պետք է Արցախը տալ, որ լավ ապրենք»։ Ասաց՝ «տղա եք, մի տվեք»։ Այո՛, այս երկրում կան տղամարդին, ովքեր գնացել զոհվել են հանուն իրենց հայրենիքի, իրենց արյան գնով ազատագրել են հայրենիքի մի մասը, և արյան գնով էլ պահելու են։ Արցախը հայ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության և շարունակականության ու գոյատևման աղբյուր է։ Եթե ՀՀ-ում լինի իշխանություն, ում մտքով կանցնի փուլային տարբերակով, անհասկանալի որոշումներով գնալ Արցախի հարցի լուծմանը, Լևոն Տեր-Պետրոսյանի նման մեկ օրում չի լինի։ Մենք չենք առաջնորդվում այն տեսությամբ, որ Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը եկել են, որ Արցախը տան, որովհետև չենք պատկերացնում, որ նման քայլի գնացող կլինի, և երկրորդ` Արցախը իրենց գրպանում չէ», - ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ բացառում են փուլային տարբերակը։

Դաշնակցական գործիչը նշեց, որ ՀՅԴ երեկվա հայտարարության մեջ նշվել է, որ իշխանությունները պետք է հայտարարեն՝ նախ գոյություն չունի փուլային առաջարկ և իրենք մերժում են հարցի լուծման փուլային տարբերակը, և երկրորդ՝ հայտարարեն, որ իրենց վրա չկա ճնշում` փուլային տարբերակով հարցը լուծելու։