Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ներքաղաքական դաշտը լարված է: Հատկապես Սամվել Բաբայանի թեկնածության առաջադրման համար սահմանադրական փոփոխությունների նպատակով ստորագրահավաքը քաղաքականացրել է Արցախի յուրաքանչյուր բնակավայրի առօրյան: Լարվածությունն ակնառու է հատկապես այն բանից հետո, երբ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ չի սպասելու ստորագրահավաքից հետո օրենքով նախատեսված ընթացակարգով հարցերի զարգացմանը. դրան զուգահեռ փորձելու է իր կողմնակիցներին հրապարակում հավաքել՝ ճնշում բանեցնելու պատկան մարմինների վրա:
Նախագահական աթոռի համար մրցապայքարը շատ ավելի շուտ է սկսել՝ դեռևս 2018 թվականից: Ստեփանակերտի ավտոկայանի շրջակայքում տեղի ունեցած հավաքներից հետո գործող նախագահը հայտարարեց, որ մտադիր չէ 2020-ին առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այդ պահից հետո նախագահի թեկնածուի փնտրտուքը թե՛ պետական օղակներում, թե՛ հասարակության մոտ նկատելի էր: Մասամբ ընկալելի էր նման փնտրտուքի պատճառները: Դա բխում է պետական համակարգի կենտրոնաձիգ էությունից, իսկ գործող Սահմանադրությամբ այդ կենտրոնացվածությունն ավելի է շեշտվում: Մի երևույթ, որին բազմիցս դեմ է արտահայտվել Դաշնակցությունը և զգուշացրել այդ համակարգի արդյունքում առաջացող վտանգների մասին: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք:
Մեկ այլ հանգամանք, որի պատճառով թափ է տրվում լարվածությանը, իշխանությանը մաս կազմող ղեկավար անձանց պատասխանատվությունից խուսափելն է: Ապրիլյան իրադարձությունները առիթ տվեցին, որ արմատական բարեփոխումներ իրականացվեն: Սակայն իշխանությունը չփորձեց լրջությամբ իրականացնել բարեփոխումներ: Մեզ համար անհասկանալի է, երբ տարիներ շարունակ կառավարության ղեկը ստանձնած և Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարը բարեփոխումների իրականացման շեմին հրաժարական է տալիս և ուղղակի կամ անուղղակի կերպով սկսում քննադատել իշխանությանը: Այդ երևույթը ստեղծել է իշխանության տրոհման մթնոլորտ, որից հնարավորություն ունի օգտվել յուրաքանչյուրը:
Վերջին ամիսներին ականատես եղանք նաև իշխանությունը ներկայացնող տարբեր անձանց՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մտայնության մասին հայտարարություններին, որոնք տարբեր հարթակներում քննարկումների նյութ դարձան: Սա ևս անորոշությունն ու տրոհման մթնոլորտը ավելի շեշտակի դարձրեց: Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված ստորագրահավաքի մասնակիցները առավելապես դժգոհ են իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից, որի ալիքի վրա հենվելով՝ Ս. Բաբայանը կարողացել է զգալի չափով ստորագրություններ հավաքել: Մյուս ճամբարում ստեղծված անորոշությունն ու տրոհման մթնոլորտը անուղղակիորեն թափ հաղորդեցին ստորագրահավաքի կազմակերպմանը:
Դաշնակցության համար, որպես կայուն զարգացման կարևորագույն ազդակ, առաջնային է օրենքի գերակայությունը: Արցախում քաղաքական անցյալ ունեցող յուրաքանչյուր անձ դեռևս չի մոռացել Սամվել Բաբայանի իշխանության օրոք ստեղծված ապօրինությունների մթնոլորտն ու պետականության հիմքերը խարխլող երևույթները: Մեր երկրում տիրող իրավիճակը մտահոգիչ է:
ՀՅԴ Արցախի 24-րդ Շրջանային ժողովը քննարկել է ստեղծված իրավիճակը և ներկայացրել հանգուցալուծման իր տեսլականը: Դաշնակցության համար «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարն առանցքային է: Առանցք, որի շուրջ կոչ է անում համախմբվել, կոչ է անում՝ ձերբազատվել անհատական և նեղ շրջանակային շահերից և միասնական օրակարգ ձևավորել հիմնական հարցերի շուրջ:
«Ապառաժ»-ի խմբագրական