կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 16:00
Տնտեսական

Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները. մաս 2

Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները. մաս 2

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԴԵՄ

1.  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն՝ մենաշնորհների գոյությունը մեր տնտեսության մեջ կարող է բացատրվել, թույլատրվել հանրային շահից ելնելով: Ցավոք, այս սահմանադրական դրույթը «միս ու արյուն» չստացավ օրենսդրության մշակման աշխատանքներում և իրավակիրառ պրակտիկայում: 

2.  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ 2018 ապրիլի 9-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմնի գործունեության անկախությանը և այս ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատմանը: 2018 թվականի ընթացքում ինքնավար մարմնի անդամների ընտրությունը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի համար: Այս համատեքստում կարևորում ենք նաև ինքնավար մարմնի լիազորությունների և պարտականությունների հստակ սահմանումը, ինչը կկանխի կամայական վարույթների նախաձեռնումը և ոչ բավարար հիմնավորված որոշումների ընդունումը:

3. Միջազգային փորձը փաստում է, որ երկրի տնտեսության համար ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ վաճառքը առավել արդյունավետ և վերահսկելի է, երբ այն իրականացվում է պետության կողմից կարգավորվող էլեկտրոնային հարթակների (բորսաների) միջոցով, ինչը նպաստում է շուկա մուտք գործող նոր տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, խտրական գների բացառմանը, մեծածախ շուկայում ստվերի կրճատմանը, առողջ մրցակությանը և այլն:

4.  Մեր օրենսդրությամբ ապրանքային շուկայում մենաշնորհ և գերիշխող դիրք ունենալը արգելված չէ, արգելված է այդ դիրքի չարաշահումը, մասնավորապես՝ գների չհիմնավորված բարձրացումը, պահպանումը և (կամ) իջեցումը և այլն: Պետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է խրախուսի նոր տնտեսվարող սուբյեկտների ի հայտ գալուն՝ վերացնելով հարկային, մաքսային և այլ բնույթի խտրականությունը, սակայն ելնելով մեր շուկայի փոքրությունից չպետք է բացառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը: Այդ ընկերությունները, դառնալով բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանելով, կնպաստեն հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը:

5.  Գործող օրենսդրության համաձայն՝ մենաշնորհ և գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողների նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք առավելագույնը՝ հասույթի 2 տոկոսի չափով, որը գանձվում է պետական բյուջե: Փաստացի ստացվում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսավարողը տուգանվում է, սակայն որևէ կերպ չի փոխհատուցվում նրա գործունեության արդյունքում տուժած տնտեսվարողների վնասը: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և ներդնել տնտեսական մրցակցության պաշտպանության և վնասների հատուցման առավել արդյունավետ կառուցակարգեր:

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է

- մենաշնորհների գործունեությունը «խոշորացույցի» տակ պահելը, 

-  նոր տնտեսվարող սուբյեկտներին պաշտպանելը և խրախուսելը, 

-ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականության մշակումը և հասցեական կիրառումը, 

- հանրային վստահության բարձրացումը,

ազգային եկամտի արդարացի վերաբաշխելը: 

Այսպիսով, ապրանքների գները կարող են օբյեկտիվորեն բարձրանալ, սակայն տնտեսական քաղաքականությունը պետք է նպաստի գների բարձրացման կանխմանը և մեղմացմանը, իսկ սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նվազագույն կենսաապահովման պայմանների պահպանմանը և բարելավմանը:

Մաս 1