կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-11 11:51
Հասարակություն

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշերի հափշտակության դեմ պայքարի համար

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների համարանիշերի հափշտակության դեմ պայքարի համար

Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը:

Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. եւ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված դեպքերից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում, դրանցից 235-ը՝ հանցակազմի բացակայության, 17-ը՝ հանցադեպի բացակայության, 9-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով, իսկ 3 դեպքով նյութերի նախապատրաստումն այդ պահին եղել է ընթացքի մեջ:

Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Ըստ այդմ՝ 41 գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:

Արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը:

Բացի այդ, արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաեւ այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին:  Թեեւ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաեւ քողարկված, եւ տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշները հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր:

Այս պայմաններում շարունակվող դեպքերը, բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաեւ այդ համարանիշները այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն՝  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսելու եւ հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար: Հաշվի առնելով, որ գործնականում քիչ չեն տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների շորթման դեպքերը՝ առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի դրսեւորումների շարքում նախատեսել նաեւ շորթումը:

Բացի այդ, ելնելով նրանից, որ համարանիշների նկատմամբ կատարվող ոտնձգությունների արդյունքում երբեմն դրանց սեփականատիրոջը պատճառվում է խոշոր՝  մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս, եւ  չբացառելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ ոտնձգությունների արդյունքում եւս կարող է տուժողին պատճառվել խոշոր վնաս՝ դատախազությունն առաջարկել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում նախատեսված հանցանքների ծանրացնող հանգամանք՝ նախատեսել հիշյալ արարքների կատարումը, որոնցով պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս:

Դատախազության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաեւ շորթման համար: Արդյունքում հիշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը: