Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իրեն համարում է մոնոպոլիաների դեմ պայքարի թիվ մեկ ջատագովներից մեկը և զարմանում է, որ ավելի բաց, թափանցիկ, համագործակցաբար աշխատանքի ոճը դարձավ ևս մեկ քննադատության առարկա: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես բազմիցս եմ դիմել լրագրողներին` ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատենք, ուզում եք աջակցե՞լ, աջակցե'ք, բայց մի' խանգարեք»:
Նախարարը նշեց, որ փոխանակ լրատվադաշտը մասնակցի այս գործընթացին, միավորվում է այն անձանց հետ, ովքեր, տարբեր շահերից ելնելով, փորձում են այս գործընթացը նսեմացնել:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարություններին, թե մենաշնորհների դեմ պայքարը Դաշնակցության տասներկու կետերից մեկն է, և Արծվիկ Մինասյանը գիտի` ովքեր են մոնոպոլիստները, նա ասաց. «Հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ցույց է տվել իր անգործունակությունը` առհասարակ: Տեսողության հետ կապված և ոչ միայն տեսողության հետ կապված, նաև ամեն ինչի հետ կապված` նա բազմաթիվ խնդիրներ ունի, բայց ես չեմ կանգնում, չեմ սպասում: Կա այդ գործողությունը, և բոլորին հրավիրել եմ մասնակցելու քննարկումներին, գտնելու արդյունավետ լուծումներ: Ինչ քննադատություն էլ լինի, ես գնալու եմ առաջ»:
Մինասյանը նշեց նաև, որ չի պատրաստվում սիրողական մակարդակով հայտարարությունները դարձնել պետական քաղաքականության ուղղվածություն և, որպես նախարար, ամեն մի գործողության հիմքում պետք է դնի օրենքը, իրավունքը և դրան համապատասխան գործողությունը, ինչի համար էլ առաջարկել է համագործակցել: «Ես, միևնույն է, գնալու եմ այդ ուղղությամբ և պայքարելու եմ մենաշնորհների դեմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի տված ժամկետին` էկոնոմկայի նախարարն ասաց. «Վարչապետի տված ժամկետը բավարար է, որպեսզի մենք մատնանշենք հիմնական խնդիրները, բայց այդ խնդիրները հիմնարար լուծում են պահանջում: Մենք չենք կարող միայն հայտարարել, որ խնդիրները սրանք են, և մի կողմ կանգնել, հարկավոր է գործողություններ ձեռնարկել»:
Մինասյանը նշեց, որ միջազգային կառույցներին ևս հրավիրել են համագործակցության, որ սիրողականից անցում կատարեն հարցի ամբողջական, համակարգային մակարդակով լուծմանը:
Նախարարը նշեց նաև, որ երկար տարիներ աշխատել է խորհրդարանում, սակայն հիմա, երբ նախարար է, հստակ տեսնում է տարբերությունը: «Խորհրդարանում դու կարող ես, հիմնվելով տարբեր խոսակցությունների վրա, հայտարարւթյուններ անել, գործադիրի ժամանակ հայտարարությունները կյանքի կոչելու մեխանիզմներ պետք է մշակել»,- ասաց նա` հավելելով, որ շատ շնորհակալ է վարչապետի հանձնարարականի համար: «Իհարկե, երեք շաբաթը քիչ է մենաշնորհների դեմ պայքարն իրականացնելու համար, սակայն դա բավարար է, որպեսզի մենք ճանապարհային քարտեզ մշակենք` մենաշնորհային ամբողջ տնտեսական կարգը վերափոխելու համար»,- ասաց նա:
Հարցին, թե այս մեկ շաբաթում ի՞նչ արդյունքների են հասել, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դուք ամբողջական տեղեկատվությունը, որպես զեկույց, կստանաք ինձնից: Մի' կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին դուք հիմա մտածում եք, բոլոր դրանք կլինեն, բայց ես պետք է փաստարկված հիմքերով այդ ամենն ունենամ: Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ մի' սպասեք երբեք, որ ես ականաջահաճո կամ ամբոխահաճո հայտարարություններով կփորձեմ գրավել որոշ մարդկանց սրտեր, չկա այդպիսի բան, ես հիմա ավելի շատ սկզբունքային և կարևոր եմ համարում երկրի զարգացումն ապահովելը` որպես նախարար, քան ընկնել տարբեր քաղաքական ուժերի և անձանց հետևից: Օգնում եք, օգնեք, գոնե մի' խանգարեք»: