Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան նոր պայման է առաջադրել Գերմանիային Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան Գերմանիայի կառավարությունից պահանջել է հայտարարել, որ Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը որևէ իրավական ուժ չունի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Գերմանական Der Spiegel թերթի համաձայն՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է. «Մենք կարող ենք հանդուրժել Դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը, սակայն Գերմանիայի կառավարությունն էլ պետք է հայտարարի, որ ցեղասպանության մասին բանաձևը չի հանգեցնի իրավական պատժամիջոցների»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր են գործադրում՝ երկու երկրների միջև սուր անհամաձայնությունների առիթ հանդիսացող Ինջիրլիքի կոնֆլիտը հանգուցալուծելու համար: Վերջին շրջանում Գերմանիայի ԱԳՆ երկու փոխնախարարները մեկը մյուսի ետևից այցելել են Թուրքիա, իսկ սեպտեմբերին նախատեսվում է նաև Շտայնմայերի այցը Անկարա: Թուրքական կողմը հույս ունի, որ այդ այցի շրջանակներում գերմանացի նախարարը Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Թուրքիայի համար այնքան սպասված մեկնաբանություններ կանի:
Մյուս շաբաթ Չինաստանում կայանալիք G-20 գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Անգելա Մերկելի անմիջական հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ օրերս Թուրքիա այցելած` Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոկը տեղեկացրել է, որ գերմանացի զինվորականներին այցելելու թույլտվության հաստատման դեպքում Մերկելը ևս կարող է այցելել Թուրքիա:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ խոստովանելով նաև Ցեղասպանության իրագործման մեջ Գերմանիայի մեղքի բաժինն ու հանցակցությունը: Դրանից հետո Թուրքիան արգելել էր Գերմանիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցելել Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ռազմական ուժերին: Գերմանական կողմը, այնուամենայնիվ, համառորեն շարունակում է պահանջել այցի թույլտվություն տրամադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Գերմանիան իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս: