Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 27-ին Իջևանում ներկա է գտնվել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում ծավալուն ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել է, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ:
«Ես չէ, որ հայրենասիրության դասեր պետք է տամ ձեզ. տավուշցիներդ ամենօրյա կյանքով և աշխատանքով գործնականում ապացուցում եք ձեր հայրենասիրությունը: Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են: Մեր իրականությունում, ցավոք, հաճախ հայրենասիրության դրսևորումները վիրտուալ տիրույթում են, եթե մենք այն ամբողջությամբ իրական կյանք բերենք, կրթությունն իր հիմնական առաքելությունը կիրականացնի: Հենց այս հայրենասիրությունն է, որ նկարագրել ենք կրթության զարգացման ծրագրում` տալով կրթության տեսլականը` հայ տեսակի շարունակության ապահովում,-նշել է նախարարը և ընդգծել,-այսօրվա մեր երեխաները դասագիրք չեն սիրում, դասագրքերը օտար են մեր երեխաների համար, այնինչ դասագրքի միջոցով պետք է ապահովենք մեր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը, որն էլ իր հերթին կնպաստի հայ տեսակի պահպանմանը»:
Այնուհետև Լևոն Մկրտչյանը անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին: Նա կարևորել է կրթության որակի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը ներկայացրել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը, ներառական կրթությանն առնչվող հարցեր:
Ներառական կրթության հիմնախնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ելույթներով հանդես են եկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանը մի խումբ մանկավարժների Տավուշի մարզպետի անունից պատվոգրեր է հանձնել: