Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրն է:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրակարգի հետ կապված, հիշեցրեց նախորդ քառօրյայի մի միջադեպ, երբ ԱԺ նախագահությունն անջատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողն այն ժամանակ, երբ պատգամավորը խոսում էր պետական դավաճանության մասին:
Փաշինյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանից հետո խոսեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ընդդիմությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ, բայց նրա խոսափողը չանջատեցին, հետո խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նույնպես ընդդիմությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ, բայց նրա խոսափողն էլ չանջատեցին:
Դիմելով Գալուստ Սահակյանին` պատգամավորն ասաց. «Անընդհատ ասում եք, որ, որպես ԱԺ նախագահ, պետք է հավասար կանոններ ապահովեք բոլոր պատգամավորների համար, բայց Ձեր գործողություններից դա չի երևում: Սա քաղաքական ամբիոն է, և մարդիկ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան: Իմ առաջարկն է, որ պետք չէ սահմանափակել նրանց այդ հնարավորությունը: Հնարապետականները կրկնակի, եռակի ավելի են, և եթե բան ունեն ասելու, կարող են արտահայտվել: Ասածս այն է, որ զերծ պետք է մնաք պատգամավորներին խոսելու հնարավորությունից զրկելուց»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ ԱԺ նիստերի դահլիճում որոշ պատգամավորներ անցնում են կոռեկտության սահմանը, անգամ` վարկաբեկում պետությանը:
«Որքան էլ ինձ դուր չգան Ձեր խոսքերը, բայց Դուք խոսում եք մինչև վերջ` երբեք չփորձելով մարդկանց մեղադրանքներ ներկայացնել: Բայց Զարուհի Փոստանջյանը մեղադրանքներ է հնչեցրել և անցել բարեկրթության սահմանը: Ամենալավ բանը մարդու և հասարակության համար դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է տալիս, չի գործում: Կոչ եմ անում բարեկիրթ լինել»,- ասաց նա:
Հայկ Բաբուխանյանն էլ արձագանքեց` ասելով, թե ինքը մեղադրել է ոչ թե ամբողջ ընդդիմությանը, այլ որոշ անհատների:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց Վահրամ Բաղդասարյանի խոսքը, երբ նա ընդդիմության որոշ պատգամավորների մեղադրեց ալիևյան նավթադոլարներից սնվելու և ԱԺ-ում գործունեություն ծավալելու մեջ: «Զարմացած եմ, որ ԱԱԾ-ն դեռ չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ: ԱԱԾ-ին կոչ եմ անում, որ պարոն Բաղդասարյանին հրավիրեն իրենց մոտ և պարզեն, թե այդ ովքե՞ր են նավթադոլարներից սնվողները: Եթե կան` բացահայտվեն, եթե չկան, ուրեմն իշխանության համար Ալիևը ծխածածկույթ է, որի ներքո ուզում են իրենց մութ գործերն անել: Հետևողական եմ լինելու այս հարցում, որպեսզի պարզ դառնա այն իրավիճակը, որի մասին նշել է քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»,- ասաց պատգամավորը:
Հայկ Բաբուխանյանն էլ արձագանքեց, թե այդ միտքը ոչ թե Բենջամին Ֆրանկլինն է ասել, այլ Ջոնսոնը: