կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-18 20:27
Սպորտ

Սպորտային անարդարությունն ու մարզական պատասխանատուների լռությունը

 Սպորտային անարդարությունն ու մարզական պատասխանատուների լռությունը

Հայ մարզիկները դեռևս չեն ավարտել իրենց ելույթները 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում, սակայն այն արդեն հասցրել է տարատեսակ տպավորություն թողնել հայ մարզասերների վրա:  

Մեր մարզիկների մեկնարկային մրցելույթներից հետո դժգոհության և քննադատության մեծ ալիք բարձրացավ հայ մարզասերների շրջանում` հատկապես  երբ անհաջող մրցելույթներ ունեցան մեդալի հավակնորդների մեր մարզիկները:  Առաջին մեդալը մեզ հաջողվեց նվաճել միայն մրցումային 10-րդ օրը: Արծաթե մեդալ նվաճեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Այնուհետև ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին մեր ըմբիշները, որից հետո փոխչեմպիոնի կոչմանն արժանացավ ծանրորդ Գոռ Մինասյանը: 20 տարի անց կրկին Օլիմպիական ոսկե մեդալի նվաճումը, ինչպես նաև Միհրան Հարությունյանի և Գոռ Մինասյանի  ձեռքբերումները մոռացնել տվեցին մինչ այդ բարձրաձայնած քննադատությունները:

Հունահռոմեական ոճում Միհրան Հարությունյանի նվաճած արծաթե մեդալին և մրցավարական անարդարությանը մենք արդեն անդրադարձել ենք:

Մեր  մարզիկից պարզապես խլեցին Օլիմպիական ոսկե մեդալը:   Մրցավարական խայտառակ գործողություններին անդրադարձել են նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, սակայն դեռևս լռում են Հայաստանի մարզական կարևորագույն կառույցները` ՀԱՕԿ-ն ու սպորտի նախարարությունը: Տպավորություն է, որ մեր երկրի մարզական ղեկավարությունը տեղյակ չէ, կամ համակերպվել է այն մտքի հետ, որ մեր մարզիկները մշտապես պետք է տուժեն այս կամ այն խնդիրների պատճառով:  Նմանօրինակ դեպքն առաջին անգամը չէ, և մենք դրան դեռ կանդրադառնանք:

Հարկ է նշել, որ ՀԱՕԿ պաշտոնական կայքն անդրադառնալով Միհրանի արծաթե մեդալը նվաճելուն, նշել է, որ մեր մարզիկը «պարտվել է  գեղեցիկ և համառ պայքարում»: Հավանաբար այսպիսի կարծիքի են նաև Հայաստանի մարզական գլխավոր կառույցները, ովքեր դեռևս ոչ մի կերպ չեն անդրադարձել այս ամենին:

Համացանցում այսօր ստորագրահավաք է սկսվել, և ավելի քան 16 հազար մարդ ստորագրել է ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագրի համար: Հավաքված ստորագրությունների թիվն իհարկե չի փոխի Միհրանի մեդալի գույնը, սակայն այն կարող է վերջապես ահազանգ լինել ՀԱՕԿ-ին կամ մյուս մարզական կառույցներին, որպեսզի լրջորեն զբաղվեն այս հարցով: Ժամանակն է, որ պատասխանենք նմանօրինակ անարդարություններին ոչ միայն ուղղակի հայտարարություններով: Պետք է սկսել այլ կերպ մոտենալ հարցին` բողոքարկել, դիմել մարզական համապատասխան կառույցների` հարկ եղած դեպքում բոյկոտել այսուհետ մրցաշարերի մասնակցությանը: 

 Անդրադառնալով  նմանօրինակ դեպքերին` հիշենք  թե ինչպես նախորդ տարվա մայիսին Թբիլիսիում ընթացող  կարատեի  մրցումների  ժամանակ  ադրբեջանցի մարզիկները  հարձակվեցին   հայ  կարատեիստների  վրա: Այդ ժամանակ միայն մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց  պարզաբանում ստանալ սպորտի նախարարությունից: Վերոնշյալ կառույցը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշում էր, որ   վեճը  եղել  է  ոչ  թե Հայաստանի  հավաքականի,  այլ  ջավախահայ  և  ադրբեջանցի  մարզիկների  միջեւ: «Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց»,- ասված էր նախարարության հաղորդագրության մեջ:

Նախորդ տարվա մարտ ամսին  Մոսկվայում ընթացող` սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը գրավել էր 1-ին հորիզոնականը:  Պարգևատրության արարողության ժամանակ Հայաստանի հիմնի հնչելու պահին 3-րդ տեղը գրաված ադրբեջանցի մարզիկը կքանստել էր: Միջադեպի առթիվ Yerkir.am-ը կապ հաստատեց սամբոյի ֆեդերացիայի նախագահի հետ, ով նշեց, որ այդ ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, և ադրբեջանցի մարզիկը չպետք է «աչոտ» տա:

Եվ վերջում կրկին ուղևորվենք Ռիո: Մինչ մրցավայր մեկնելը շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանն իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցի ամենամեծ թվով մարզիկներով (33): Օլիմպիական խաղերի մեկնարկից օրեր անց պարզ դարձավ, որ Հայաստանն ամենևին էլ 33 մարզիկով չի մասնակցում խաղերին: Ամեն դեպքում, Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում նշված չէր մեր աթլետներից մեկի`  Գոռ Ներկարարյանի անունը, սակայն ՀԱՕԿ-ը կրկին հանդես չեկավ պաշտոնական հայտարարությամբ, ինչից կարելի է ենթադրել, որ մեր մարզիկը ամենևին էլ իրավունք չի ունեցել մասնակցելու Օլիմպիական խաղերին և ընթացիկ խաղերում  Հայաստանը ներկայացնող մարզիկների թիվն ամենևին էլ ամենաշատը չէ Օլիմպիական խաղերում:  

Երվանդ Հակոբյան