կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 12:39
Հասարակություն

Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը ԱՄՆ-ում հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի և ՀՕՄ-ի պատասխանատուների հետ

Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը ԱՄՆ-ում հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի և ՀՕՄ-ի պատասխանատուների հետ

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական հեղինակավոր կազմակերպությունների պատասխանատուների հետ. տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Արցախի փոխվարչապետը և Պարգև Սրբազանը հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի հետ: Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության անունից, երախտագիտություն է հայտնել Համագումարի ղեկավարությանը՝ Արցախին մշտապես սատար կանգնելու համար: Հանրապետության փոխվարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել հարցերի այն շրջանակի վրա, որոնք ներկա փուլում առավել կարևոր են Արցախի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական բնույթի մի շարք հարցեր: Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուները կարևորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում իրենց աջակցությունն են հայտնել «Հեռուստամարաթոն 2016»-ին, որի այս տարվա հավաքագրված հասույթը կուղղվի Արցախի տուժած սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը:

Փոխվարչապետ Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը հանդիպել են նաև Հայ օգնության միության (ՀՕՄ) Կենտրոնական վարչության անդամների հետ:

Իր խոսքում՝ Ա. Աղաբեկյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության պատասխանատուներին՝ Արցախում պարբերաբար բարեգործական ծրագրեր իրականացնելու համար և նշել է, որ հայ կինը մշտապես ամուր թիկունք է եղել հայ տղամարդուն, ու նրանք միասին կարողացել են ամուր պահել հայ ընտանիքը: Փոխվարչապետն ընդգծել է, որ այս տարվա հեռուստամարաթոնը ուղղված է հենց Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապրող և հակառակորդի վերջին ագրեսիայից առավել տուժած ընտանիքների աջակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՕՄ-ի կողմից իրականացվելիք մի շարք ծրագրեր: Այցի շրջանակներում արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են նաև ամերիկահայ մի շարք լրատվամիջոցների խմբագրություններ, որտեղ Ա. Աղաբեկյանն ու Պարգև Սրբազանը պատասխանել են Արցախի վերաբերյալ հնչած՝ լրագրողների տարաբնույթ հարցերին:

Նշենք, որ արցախյան պատվիրակության հանդիպումները ԱՄՆ-ում շարունակվում են, որոնց մանրամասներն «Արցախպրես»-ը պարբերաբար կներկայացնի ընթերցողների ուշադրությանը:

Տեղեկացնենք, որ այս տարի ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: