Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորանկախ Հայաստանի գոյության առաջին իսկ տարիներից առկա է եղել դժգոհություն գործող իշխանությունների հանդեպ: Եղել են նաեւ մարդիկ, որ ամեն քաղաքական կամ քաղաքականամերձ խոսակցություն եզրափակել են նրանով որ.«Դրանց խփել է պետք», կամ թե «Զինված հեղափոխություն պետք է անել»: Նույնիսկ մարդիկ կային, որ հանդիմանում էին Դաշնակցականներին, թե մոռացել եք զինյալ պայքարի ձեր կուսակցության փառավոր ավանդույթները՝ ուրիշ եք դարձել:
Ի վերջո գտնվեցին մի խումբ մարդիկ ովքեր որոշեցին իրականացնել ջղերով մտածող մարդկանց ցանկությունը: Խորհրդարանի դահլիճում սպանվեցին Հայաստանի խորհրդարանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի փոխխոսնակը եւ այլ պատգամավորներ: Ինչ նպատակ էր իր առջեւ դրել Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը եւ ինչ ստացան երկիրն ու ժողովուրդը:
Ընդունենք, որ Նաիրի Հունանյանը ցանկանում էր այս քայլով վերացնել քաղաքական մենիշխանությունը, հիմքեր ստեղծել ժողովրդավարության ուղիով զարգանալու համար, երկրում իշխանության հակակշիռների համակարգ ապահովել եւ այլն:
Ի՞նչ ստացվեց հետեւանքում: Նախ արձանագրենք, որ մինչ այդ երկրում շատ յուրահատուկ իրավիճակ էր ստեղծվել, որը խորանալու ընթացքի մեջ էր: Ի դեմս Կարեն Դեմիճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի իշխանության վերնաշենքում ձեւավորվել էր երկրորդ օրինական բեւեռ: Այս բեւեռը հեռանկարում, ի դեմս Վազգեն Սարգսյանի, հավանաբար օրինական մրցակցության էր գնալու նախագահական ընտորություններում: Իսկ մինչ այդ հետաքրքիր վիճակ էր ստեղծվել, երբ խորհրդարանի ու կառավարության հարաբերական «ինքնուրունությունը» հիմքեր էր ստեղծում եւ իշխանության մենաշնորհի վերացման եւ իշխանական թեւերի հակակշռելիության ձեւավորման ու տրամաբանորեն նաեւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ:
Ինչ ստացանք, երբ Նաիրի Հունանյանը, իր մի քանի համախոհների հետ որոշեց, շեղել երկրի ընթացքն իր ուղուց: Տեղի ունեցավ իշխանության ամրապնդում մեկ թեւի ձեռքին՝ իր վերոնշյալ ու բոլորիս համար ակնհայտ հետեւանքներով, հետագա ամիսները երկրի համար ամենածանրը եղան տնտեսական առումով, բավականին տուժեց պետության վարկը:
Եւ որ պակաս կարեւոր չէ, ժողովուրդը ցնցում ապրեց եւ միանշանակորեն եզրակացրեց, որ հայը հայի արյուն չպիտի թափի՝ դրան է պարտադրում մեր տեսակը, մեր պատմությունը եւ փխրուն նորաստեղծ պետության ճակատագիրը:
Ինչ ստացավ «լավ նկատառումներով» չար գործ արած խումբը: Իր ցանկացածի ճիշտ հակառակը:
Ինչ եղան մարտի մեկի հետեւանքները: Ֆիզիկական ու բարոյական կորուստներ, իշխանության թուլացում, որը մեծացրեց Հայաստանի վրա ճնշումը բանակցություններում: Թշնամին անմիջապես սադրանք ձեռնարկեց սահմաններում, բայց համոզվելով, որ հայության օրգանիզմը դեռ ամուր է՝ ետ քաշվեց:
Քաղաքականությունը իհարկե գայթակղիչ ասպարեզ է եւ ի տարբերություն կոշկակարության կամ բժշկության կարծես թե հատուկ պատրաստություն չի պահանջում: Այս թյուրըմբռնմամբ հանդերձ քաղաքական ասպարեզ ամեն մտնող դեռ քաղաքական գործիչ դառնալու համար երաշխավորված չէ: Մանավանդ քաղաքական ասպարեզում դերակատարության հավակնող ուժը պետք է օժտված լինի փորձառությամբ, անհրաժեշտ կադրային ներուժով, համապատասխան մտածողության ձիրքով եւ կարողանա դատել սառը ուղեղով, այլ ոչ թե գրգռված նյարդերով: Այլապես երբ այդ ամենը բացակայում է ու բարձրագոչ հայտարարություններից կարճ ժամանակ անց հայտնվում ես փակուղու առաջ, հեշտորեն ընկնում ես ուժով հարցեր լուծելու գայթակղության գիրկը: Միայն վերջին մի քանի տարում դրա մի քանի օրինակներ ունենք:
Այսքանից հետո ցանկանում եմ անդրադառնալ զինյալ պայքարին եւ զինված գործողություններով կացություններ փոխելու հնարավորությանը եւ իրավունքին:
Նախ ինչ վերաբերում է ահաբեկչական բնույթի գործողություններին պետք է իմանալ, որ առհասարակ դրանք խնդիրներ հարուցելու, հարցերը բարձրաձայնելու եւ քննարկման սեղանի վրա բերելու համար են եւ ոչ թե մեծ հարցեր լուծելու: Կարելի՞ է օրինակ պատկերացնել, թե ինչ-որ շինություն գրավելով եւ նույնիսկ պատանդներ պահելով հնարավոր է որեւէ իշխանության հրաժարական պարտադրել՝ իհարկե ոչ: Նման հարվածները կարող են ցնցել պետական գործող մեքենան, բայց չխարխլել կամ փլուզել այն:
Թերեւս ոմանց համար գայթակղիչ օրինակ են թվում Դաշնակցության կատարած զինյալ պահանջատիրական, վրիժառուական եւ այլ բնույթի գործողությունները:
Չմոռանանք որ դրանք իրականացվել են թուրքերի դեմ եւ հիմնականում պատասխան են եղել հայության նկատմամբ իրականացված դաժան ու զանգվածային ոճրագործությունների: Մյուս կարեւոր հանգամանք այն է, որ նման գոծողությունները Դաշնակցությունն իրականացրել է ոչ թե իր պետության մեջ, այլ իր երկիրը ստրկացրած կայսրություններում: Հետեւաբար մտահոգ չի եղել, թե անհատական գործողություններով կամ խմբակային արշավանքներով ու ապստամբություններով կարող է սասանել տվյալ բռնապետությունների հիմքերը կամ վարկը:
Եւ վերջում:
Մենք հիրավի պատմական բախտորոշ ժամանակներ ենք ապրում: Այս ժամանակահատվածից հայությունը շահած կարող է դուրս գալ, եթե լինի միակամ ունենա անխոցելի, ամուր ու զարգացող պետություն: Մենք այդպիսին չենք եւ այդպիսին դառնալու ծանր աշխատանք պիտի տարվի: Այդ աշխատանքը կարող է արդյունավորվել եթե կա կամք, ծրագիր, տեսլական, ներուժ, սթափ միտք ու ամուր ջղեր: Ով անելիքը չգիտի, ում ջղերն ամուր չեն, լավ կանի այլ «առաքելության» հավակնի եւ մանավանդ տուրք չտա ամբոխային գայթակղիչ, բայց ժամանակավրեպ տրամաբանությանը:
Արտաշես Շահբազյան