|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության կարճաժամկետ ծրագրերից է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ապօրինի հարստացման քրեականացումը շեշտակի կնվազեցնի գայթակղությունը, որովհետև դրա համար կա քրեական պատասխանատվություն:
«Դա նշանակում է` ցանկացած հրապարակում, որն ակնհայտ կարձանագրի, որ այս կամ այն պաշտոնատար անձի եկամուտը այսքան է, բայց նրա կատարած ծախսը բացարձակ անհամաչափ է նրանից, ինչ ինքը հայտարարագրել է, հարգելի իրավապահ համակարգը կարող է նրան հարց ուղղել՝ որտեղի՞ց նրան այդ եկամուտները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրավական համակարգը իրավունք կունենա հարցնելու հայտարարագրված գումարի աղբյուրը, ինչի իրավունքը հիմա չունի:
Նախարարը հայտնեց, որ ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի ունենա: «Ցանկացած օրենք կամ արարք, որը քրաեկանացվելու է, պիտի համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, իսկ դա նշանակում է, որ քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- նշեց նա:
Ըստ Հովհաննիսյանի` այս քայլով հնարավոր չէ արձանագրել «ֆենոմենալ, շեդևրային արդյունքներ»: «Ապօրինի հարստացումը քրեականացնելն ինքնին մենակ վերցնելով` չի տա մեծ արդյունք: Ապօրինի հարստացումը քրեականացնելը կաշխատի այն ժամանակ, երբ կառավարության ծրագրում ներառված մի քանի միջոցառումներ ևս ճիշտ ժամանակին իրականանան»,- ասաց նախարարը: