Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
"ԿԻՍԱՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց, մանավանդ՝ խիստ փաստարկված մերկացումներին հաջորդող հազարավոր մեկնաբանությունները կարդալուց հետո, լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է:
Ընկճախտի հանգեցնող տրամադրությունիցս ազատվելու համար՝ որոշում եմ հետևել իմ որոշ ընկերների հորդորներին և կառավարության գործունեության դրական արդյունքները տեսնել:
Նոր Հայաստանի հարյուր հեղափոխական ձեռքբերումներն եմ լսում առաջին դեմքից…
Հասնում եմ Նոր Հայաստանի աննախադեպ 57 և 58-րդ բարձունքներին, և, իսկապես, լավ լուր՝ 700 մլն-ով աճել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ինչի արդյունքում մի քանի կոլեկտիվներ՝ Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Կամերային երկու երգչախմբերը, Կամերային և Ջազ նվագախմբերը, Կոմիտաս քառյակը, Տաղարանը, Կամերային կենտրոնն ու Հովեր երգչախումբն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:
Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ կոլեկտիվները ժամանակավորապես ազատվում են լրացուցիչ միջոցներ հայթհայթելու սեփական նախաձեռնությունից:
Այստեղ կարելի էր կանգ առնել և այդ մի քանի կոլեկտիվի համար լավ լուրով եզրափակել բարձունքը:
Բայց վարչապետը չի դիմանում խոսելու, մանրամասներն ու <<ողջ ճշմարտությունը>> մեզ հետ կիսելու գայթակղությանը և մեկնաբանում է հեղափոխական ձեռքբերումը:
Պարզվում է, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր արվեստագետներն այսուհետ <<վիզ չծռեն և վետերոկների բացումներում կամ նախընտրական հանդիպումներում ելույթներ չունենան>>: Իհարկե, կարելի է գոհանալ ու շունչ քաշել. փառք Աստծո՝ վնգստալ բայը չի գործածվել:
Բայց միթե՞ սա է ողջ ճշմարտությունն ու իրականությունը, միթե՞ սա է նպատակը, միթե՞ սա է Մշակույթի և Մշակույթի մարդու հետ խոսելու բառապաշարը: Պետական ամբողջական ֆինանսական աջակցություն ստացած վերոհիշյալ որևէ կոլեկտիվ և նրա գեղարվեստական ղեկավարը՝ Էդ. Թոփչյան, Հ. Չեքիջյան, Էդ. Թադևոսյան, Հ. Թոփիկյան, Ռ.Մլքեյան, երջանկահիշատակ Ա. Ղարաբեկյան, Հ. Մարտիրոսյան, Հյուսնունց, Ս.Սմբատյան, Ս. Երկանյան, Ս. Հովհաննիսյան ոչ վիզ ծռող են, ոչ էլ՝ վետերոկում օլիգարխի կենաց խմող: Սրանք արարող արվեստագետներ են, որոնց ներդրումն անուրանալի է, բարձրարժեք, վավերական…Ինչու՞ հանուն քարոզչական էֆեկտի վիրավորել, նվաստացնել նրանց և մեր արժանապատվությունը:
Բայց կա նաև շարունակություն. պարզվում է, որ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան…»,-հաստատում է վարչապետը՝ ազդարարելով մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։
Ինչ վերաբերում է վերը նշված կոլեկտիվներին, ապա պետք է իրազեկ ու միևնույն ժամանակ անկեղծ լինել և ասել, որ սա դեռ մեր ողջ մշակույթային տնտեսությունը չէ: Թվարկվածները դասական երաժշտության ոլորտի կոլեկտիվներն են, ըստ էության նրանք, որոնք <<Իմ Քայլը>> հիմնադրամից աջակցություն են ստացել:
Ի դեպ, հանուն ճշմարտության պիտի ի մտո ունենալ, որ իշխող քաղաքական ուժի հետ նույն անունը կիսող հիմնադրամի նվիրատուները նույն օլիգարխներն են, հին Հայաստանի օլիգարխները, որոնք նույն հեզությամբ և հնազանդությամբ նաև նախկիններին էին տալիս և ըստ վարչապետի` ազատությունից զրկում արվեստագետներին…
Այդուհանդերձ, վատ չի լինի խորհել՝ արդյոք խիստ քաղաքական և հասցեական անունով հիմնադրամից ֆինանսական աջակցությունը մշակույթի գործիչների ազատազրկման կարճ ճանապարհը չէ՞…
Ասեմ, որ Մշակույթին աջակցող հիմնադրամների, նաև մեկենասության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա է Մշակույթ պահելու միջազգային չափանիշը: Իսկ իրական արվեստագետի ազատության սահմանը չի վաճառվում և չի վաճառվել…
Սակայն զազրելի են կրկնակի ստանդարտները, կիսատ, հայեցողական ու խեղված ճշմարտություններով մոլորեցնելն ու հասարակությանը թունավորելը:
Կարմիր գծեր եք հատում և ամենուր…
Ի դեպ, միանվագ, այն էլ կառավարության պահուստային ֆոնդից մի քանի կոլեկտիվի միանվագ հատկացումը դեռ մշակութային քաղաքականություն չէ, ոչ էլ՝ ոլորտի նկատմամբ հավասարատեսություն: Ու՞ր մնացին թատրոնները, թանգարանները, համերգային այլ կոլեկտիվները, ազգային երաժշտական խմբերը…էլ չեմ խոսում ոլորտի աշխատավարձերից…
Իսկ ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության ամենահիշարժան դրվագը առանց հիմնավորումների Մշակույթի նախարարության լուծարումն ու սուպերնախարարության տանիքի տակ տեղավորումն էր:
Նաև այն, որ Մշակույթի ոլորտում իշխող քաղաքական ուժի խնդիրների և նպատակների մասին վկայող ոչ ռազմավարություն կա, ոչ էլ՝ հայեցակարգ":