Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք այս ոճին դեմ ենք: Սա անհեռանկար մոտեցում է, եթե չասեմ, որ նաև վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետևանքով եղավ նաև արտաքին ճակատի վրա: Դեռ չգիտենք, թե ինչպես կավարտվի այս միջադեպը և եթե նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առավել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրության առաջ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ բյուրոյի և հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խոսելով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ շենքը գրավելու և մինչ այսօր այնտեղ մնալու մասին:
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ՝ հուլիսի 16-ին Թուրքիայում, ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել:
Կիրո Մանոյանի խոսքերով՝ Երևանում տեղի ունեցածն այնքան անսպասելի ու արագ կատարվեց, որ ամբողջ աշխարհի մինչ այդ Թուրքիայի վրա կենտրոնացած ուշադրությունը շեղվեց դեպի Հայաստան:
«Ոչ միայն մեր երկրում ուշադրությունը շեղվեց Թուրքիայի իրադարձություններից, այլև դրսի ուշադրությունը և մարդիկ սկսեցին նմանություններ փրձել գտնել, որ նմանության եզր ոչ մի տեղ չկա: Այսինքն Հայաստանում տեղի ունեցածն ինչ-որ մի խումբ դժգոհ մարդկանց արարք է և ոչ թե իսկապես հանրության աջակցությունը վայելող շարժում, մինչդեռ Թուրքիայում տեղի ունեցածը մի խումբ զինվորականների փորձ էր, որը վստահ եմ, որ կար նրանց կողմնակից մի որոշ խավ, բայց ոչ այնքան մեծ, որ թուրք զինվորականները հաջողեին: Իսկ Հայաստանում այդ խավը չկա էլ»,-ընդգծում է պարոն Մանոյանն ու միևնույն ժամանակ նկատում.
«Այսինքն դա չի նշանակում, որ դժգոհություն չկա Հայաստանում, այլ պարզապես նշանակում է,որ Հայաստանում ժողովուրդը հասկանում է, որ այս միջոցներով հարց չի լուծվի մեր երկրում»:
Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք նաև, թե ՀՅԴ-ի համար ընդունելի՞ է հեղափոխության այս տարբերակը:
«Ներողություն, սա հեղափոխություն չէ: Հեղափոխությունը մեկ արարքով չի լինի, հեղափխությունը, եթե իսկապես հասունացած լիներ, մենք այսօր կունենային հարյուր-հազարավոր ճամփա իջած ժողովուրդ,ով իր դժգոհությունը կարտահայտեր,բայց դա չի եղել: Դա է հեղափոխությունը, բայց ոչ թե այսպես ինչ-որ մարդիկ առավոտվա ժամին փորձեն ինչ-որ արարք գործեն,թեկուզ ոստիկանական ինչ-որ կենտրոնի վրա և հաջողության հասնեն այդ պահին: Վերջը՞: սրա շարունակությունը կամ վերջը ո՞րն է: Լավ, հիմա իշխանությունները համբերում են, բայց մինչև երբ պիտի համբերեն»,-պատասխանեց նա:
Դուք զինված խմբի անդամներին ահաբեկիչներ համարո՞ւմ եք, քանզի իշխանությունների կողմից այդ տերմինն է շրջանառության մեջ դրվել՝ զինված խմբի անդամներին բնութագրելու համար,-հարցրեցինք պարոն Մանոյանից:
«Թող արարքը վերջանա, գործողությունն էլ բարով-խերով վերջանա, վերջը գնահատականները կտանք: Հիմա առաջնահերթությունը հնարավորինս խաղաղ, առանց զոհերի այդ ամենի վերջանալն է»,-եզրափակեց նա:
a1plus.am