կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:08
Քաղաքական

Կուտակային կենսաթոշակների դեմ երթը կարող է վերաճել հանրահավաքի. Արծվիկ Մինասյան

Կուտակային կենսաթոշակների դեմ երթը կարող է վերաճել հանրահավաքի. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս պահին միակ հասանելի մեխանիզմը Սահմանադրական դատարան դիմելն է, որը կարող է կասեցնել «Կուտակային կնեսաթոշակային օրենքի» կիրառումը: Նա նշեց, որ ՍԴ ներկայացվող դիմումը պարունակելու է միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը: «Սա դեռևս չի նշանակում, որ մենք սպառել ենք ԱԺ բոլոր գործողությունները, պարզապես այս պահին համարում ենք, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ, ի վիճակի չէ կամք դրսևորել և հետաձգել օրենքի գործադրումը, հետևաբար` մենք կիրառում ենք Սահմանադրությամբ նախատեսված հաջորդ ընթացակարգը: Մենք չենք ավարտում մեր պայքարը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա հավելեց, որ եթե ՍԴ-ում գործընթացն ունենա որոշակի դրական ելք, ապա իրենք կզարգացնեն այդ արդյունքը հետագա օրենսդրական գործունեության ընթացքում, իսկ եթե բացասական ելք լինի, ապա նորից կնախաձեռնեն ԱԺ-ում օրենսդրական նախագծերի քննարկում, այդ թվում` նաև արդեն հանրաքվեի շրջանակներում: Պատգամավորը նշեց, որ զուտ իրավական տեխնիկայի տեսանկյունից կան բազմաթիվ դրույթներ, որոնք նաև ճշգրտման կարիք ունեն գործող օրենքի շրջանակներում:

 

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ շուտով հրապարակվելու է դիմում-նախագիծ, որը ներկայացվելու է նաև ՍԴ: «Ակնկալում ենք հասարակության ակտիվ մասնակցությունը դիմումը վերջնական տեսքի բերելու հարցում: 32 պատգամավորների ստորագրություն արդեն կա՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն, դեռ էլի պատգամավորներ են ցանկանում միանալ»,- ասաց նա՝ հավելելով, որ անցկացվելու է հատուկ ակցիա՝ հավաք-երթ, դեկտեմբերի 17-ին, որը կարող է վերաճել հանրահավաքի: