կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 12:33
Քաղաքական

Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձները

Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձները

Այսօր ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որում հիմնական տեղ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել էր Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխությունների է ենթարկվում: Ըստ նրա` այն հիմնական ուղերձները, որ տվեց Սերժ Սարգսյանն իր ելույթում, ուղղված են միջազգային հանրությանը: Այդ ուղերձներն են՝ Հայաստանը բացառապես երկարաժամկետ խաղաղության կողմնակից է, ԼՂ հարցի համատեքստում Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

Մյուս ուղերձը` ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հարցը, դրա համար կա մասնագիտացված կառույց, և դրանով Սերժ Սարգսյանը անուղղակիորեն ցույց տվեց, որ անթույլատրելի է Ադրբեջանի ցանկացած փորձ՝ կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ:

Եվ երրորդ ուղերձը` Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, այսինքն` Ադրբեջանը պետք է ներդնի վստահության ու հետաքննության մեխանիզմները, և ԵԱՀԿ ներկայացուցիչը մեծացնի իր լիազորությունները:

«Շատ է խոսվում ստատուս քվոյի մասին: Ադրբեջանը խոսում է, որ պետք է փոխել ստատուս քվոն, բայց Սերժ Սարգսյանը հրապարակային նշեց, որ հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, որը մերժում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար պետք է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն` պետք է վերացնել կոնֆլիկտի պատճառները»,- ասաց Շարմազանովը: