Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 14:22
Հասարակություն

Ինչո՞ւ է սոցփաթեթներից հանվում հանգստի ֆինանսավորումը

Ինչո՞ւ է սոցփաթեթներից հանվում հանգստի ֆինանսավորումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, ըստ որի` սոցիալական փաթեթում հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցվում է: Նա պարզաբանեց, որ դեռևս խոսքը չի գնում հանգստի բաղադրիչը հանելու մասին, այլ, ինչպես վարչապետը նշեց, խոսքը կասեցնելու մասին է` 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակներում:

Նախարարի խոսքով` վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրությունը առաջիկայում կավարտվի և բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի` վերջնական որոշում կայացնելու համար: Եվ քանի դեռ վերջնական որոշում չկա, Արտեմ Ասատրյանի կարծիքով, վաղ է եզրակացություններ անել, թե ինչպիսին կլինեն լուծումները:

«Ես կարծում եմ, որ լուծումները կլինեն շատ օբյեկտիվ, ճիշտ` ելնելով իրավիճակից, նաև հաշվի առնելով, որ կան շատ պարտաճանաչ օգտվողներ, և այդ ռեսուրսները, որոնք հատկացված են սոցիալական փաթեթներում, իրենց նպատակին պետք է ծառայեն»,- ասաց նա` շեշտելով, որ կասեցումն այս տարվան չի վերաբերում, այլ պարզապես 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսերի շրջանակում այդ մասով ծախս նախատեսված չէ:

Նախարարը նշեց, որ պետական բյուջեով սոցիալական փաթեթի համար նախատեսված միջոցները կազմում եմ մոտ 10 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է սոցփաթեթների հետ կապված չարաշահումների համար անձանց պատժի ենթարկելուն, ապա, նրա կարծիքով, պատժվողներ լինում են այն ժամանակ, երբ ամբողջ գործընթացն ավարտած է լինում: «Բնականաբար, վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք»,- ասաց Ասատրյանը և նշեց, որ եթե չի սխալվում, ապա սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվողների թիվը շուրջ հարյուր հազար է: