Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՕՊ համաձայնագրին:
Պատասխանելով հարցին՝ ի վերջո, ի՞նչ նպատակ ունի Ռուսաստանի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ներդրումը, նա պատասխանեց, որ սա համաձայնագիր է, որը գործում է երկու պետությունների միջև, ու նպատակն այն է, որ երբ վտանգ լինի, ռազմական գործողություններ լինեն, պատերազմ սկսվի հայաստանյան սահմաններին, կարողանանք օգտագործել այս պայմանագիրը:
Ի դեպ, Նազարյանը նշեց՝ երաշխիքը, որ պատերազմական պայմաններում իսկապես գործի կդրվի այդ համաձայնագիրն այն է, որ արդեն ամրագրված է, և կառավարման մեխանիզմը մենք պետք է իրականացնենք, բայց դեռ ռուսներն էլ պետք է վավերացնեն:
Հարցին` Հայաստանի օդային սահմանին նվազագույնը ի՞նչ սպառնալիք կարող է լինել, որ այս պայմանագիրը գործի դրվի, փոխնախարարը պատասխանեց. «ՀՀ օդային սահմանի ցանկացած խախտում»:
Մեկ այլ հարցի՝ միայն խախտումների դեպքո՞ւմ, թե՞ պայմանագիրը գործի կդրվի, եթե հակառակորդի օդային ուժերը նաև մոտենան, Նազարյանը պատասխանեց. «Կա ընթացակարգ. պրոցեսը սկսվում է մինչև 50 կմ-ից»:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ մեր կառավարումը տրամադրվում է Ռուսաստանին, նա արձագանքեց՝ նշելով, որ բոլորովին էլ այդպես չէ, կառավարումը իրականացվում է` 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
«Կառավարման գործառույթը մեր հակաօդային պաշտպանության պետինն է: Կրկնում եմ՝ այս պայմանագրով ավելի է ուժեղանում մեր հակաօդային պաշտպանությունը: ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում մենք օգտագործելու ենք Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները՝ ոչ միայն խոցման, այլև ինքնաթիռներ: Սա լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում»,- ասաց Նազարյանը:
Դիտարկմանը, թե մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանում են, կկարողանա՞նք օգտագործել ռուսական ուժերը ՌԴ դաշնակիցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, փոխնախարարը պատասխանեց. «Ռուսաստանի դաշնակից» հասկացությունը հարաբերական է, քանի որ համաձայնագրով, եթե մեր օդային սահմանը խախտվի, Հայաստանին իրավունք է վերապահվում օգտագործելու»:
Ի դեպ, Նազարյանը նշեց նաև, որ համաձայնագիրը ԼՂ պաշտպանության հետ կապ չունի, սակայն Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է: