կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 16:26
Հասարակություն

Ընտրություններին անձնագրով մասնակցելու դեպքում կդրվի դրոշմակնիք, նույնականացման քարտի դեպքում` ոչ

Ընտրություններին անձնագրով մասնակցելու դեպքում կդրվի դրոշմակնիք, նույնականացման քարտի դեպքում` ոչ

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում:

«Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, երբ տրամադրվում էր նույնականացման քարտ, դրա հետ տրամադրվում էր նաև անձնագիր: Մեր Ընտրական օրենսգիրքը նախաձեռնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել անձնագրերով, բայց 2014 թվականի հունվարի 1-ից հետո այդ անձնագիրը, որի մասին մենք խոսում ենք, տրամադրվում է այն դեպքում, երբ մարդը որոշել է ճանապարհորդել, բայց ՀՀ-ի սահմանում, որպես անձը հաստատող փաստաթուղթ, տրամադրվում է նույնականացման քարտ: Հաշվի առնելով այս հանգամանքը` պատգամավորներն առաջարկում են հնարավորություն ընձեռել քվեարկությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով»,- ասաց Դավիթ Հարությունյանը և հավելեց, որ եթե քարտը պլաստիկ է, դրա վրա չի կարող դրոշմակնքում արվել:

Նախարարը հավաստեց, որ դրոշմակնքումը չի կարող առիթ դառնալ ընտրակեղծիքների համար և, օրինակ բերելով, նշեց. «Ընտրական ցուցակները հրապարակվում են էլեկտրոնային տեսքով, և յուրաքանչյուր անձ կարող է ներբեռնել այդ ցուցակներն ու ուսումնասիրել, թե այդ նույն անուն-ազգանունով, ծննդյան թվով անձինք հայտնվե՞լ են տարբեր ցուցակներում, թե՞ ոչ: Նշեմ, որ նախորդ ընտրությունների ժամանակ Հայաստանում 220 նույնանուն մարդիկ են եղել, որոնք ստուգվել են, և իսկապես տարբեր մարդիկ են, բայց նրանց անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ամսաթվերը նույնն են»:

Հարությունյանը նշեց նաեև, որ ցանկացած ընտրատեղամասում աշխատում են ընդդիմադիր գործիչների վստահված անձինք, ովքեր կարող են վերահսկել գործընթացը:

Ըստ նախարարի` պատգամավորների առաջարկությունը կառավարության համար ընդունելի է, և կառավարությունը համաձայն է ընդունել այդ նախագիծը:

«Մենք այլ լուծում էլ չունենք, որ չհամաձայնենք: Ազգային ժողովը շատ ճիշտ առաջարկ է անում: Մոտ 5000 քաղաքացիներ ունեն այդ քարտը: Փաստորեն, ով անձնագրով է ընտրելու, դրվելու է կնիք, ով նույնականացման քարտով` ոչ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և նախագիծն ընդունելի համարեց: